Արցախի վերջնական կորստից հետո մենք կարող ենք և պարտավոր ենք փորձել պահել մեր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Դրա համար պետք է հասկանալ, թե այդ նպատակներին հասնելու հարցում ով է Հայաստանի դաշնակիցը և գործընկերը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։
«Գրանադայում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ այսօր տեսնում ենք առնվազն երկու այդպիսի կենտրոն՝ Ֆրանսիան և Գերմանիան։ Մենք դա առաջին հերթին հասկանում ենք ՄԱԿ-ում այդ երկրների ներկայացուցիչների ելույթներից, որտեղ նրանք բացահայտ կերպով ներկայացան որպես Հայաստանի դաշնակիցներ և ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորներ։
Դա իրականում այդպես է, որովհետև կարծում եմ, որ հայանպաստ հայտարարություններ անելուց առաջ Գերմանիան և Ֆրանսիան հաշվարկել են նաև Միացյալ Նահանգների դիրքորոշումը»,- ասաց քաղաքագետը։
Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում շատ կարևոր է նաև Իրանի գործոնը՝ պետության, որը Հայաստանի հետ շահերի որոշակի համընկնում ունի՝ ի դեմս ՀՀ տարածքային ամբղջականության պահպանման։
«Բայց Իրանը մեզ հետ ունի նաև շահերի հակադրում։ Խոսքը, մասնավորապես, Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանի վտարման և նրա փոխարեն տարածաշրջանում Արևմուտքի հաստատման ջանքերի մասին է։
Այստեղ Հայաստանի և Իրանի շահերը չեն համընկնում։ Հիմա, մենք ունենք առաջնահերթ խնդիր՝ համոզելու Իրանին, որ այդ աշխարհաքաղաքական փոփոխությունները չեն ազդի մեր հարաբերությունների և Իրանի շահերի վրա»,- ասաց Դավիթ Ստեփանյանը։
Քաղաքագետի համոզմամբ՝ եթե Հայաստանը կարողանա այս հարցում հաջողել, կհաղթենք շախմատային պարտիան և կկարողանանք Ալիևի «երկաթե բռունցքը» մտցնել իր իսկ համապատասխան տեղը։
«Եթե մենք չկարողանանք հասնել այդ շահերի համադրմանը, Ադրբեջանի հետագա առաջխաղացումը դեպի մեր տարածք կստանա հերթական մոտիվատորները և հնարավորությունները։
Այնպես որ, ամեն ինչ հերթական անգամ կախված է մեզնից։ Ունենք դաշնակիցներ, որոնց հետ աշխատանքի, վճռականության և քաղաքական խիզախության արդյունքում պետք է համադրենք մեր շահերը։
Ցավոք, այսօր մենք չենք կարող ինքնուրույն պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը։ Իսկ եթե չենք կարող, մեզ մնում է երկրորդ ճանապարհը՝ համադրել շահերը և ստանալ միջազգային այն կոնսենսուսը, որը բխում է մեր տարածքային ամբողջականությունից և ինքնիշխանությունից։ Այլ ճանապարհ մենք չունենք»,- ասաց Դավիթ Ստեփանյանը։