Azg.am-ի զրուցակիցն է Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։
-Պարո՛ն Մելիքյան, Դավիթ Իշխանյանն ընտրվել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի պաշտոնում։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է խորհրդարանի նախագահի ընտրությունը կանգ առել հենց նրա վրա և ոչ՝ իշխանական խմբակցությա անդամներից որևէ մեկի։
-Հավանաբար դա ներքին և արտաքին զարգացումների ընթացիկ փուլի ներքաղաքական կոնսենսուսի արդյունք է։ Գուցե այս կերպ գործող իշխանությունը, Արցախի նախագահը փորձում են մի կողմից ապահովել ներքաղաքական կայունությունը, իսկ մյուս կողմից, ՀՅԴ կառույցների միջոցով, ակտիվացնել Սփյուռքը՝ այս շրջափակումը վերացնելուն ուղղված միջազգային ջանքերին ավելի նպատակային ու արդյունավետ բնույթ հաղորդելու համար։
Արժե հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Թուրքիայում մայիսին կայացած նախագահական ընտրություններից հետո Անկարա-Մոսկվա հարաբերություններում սառեցման հստակ երանգներ են ի հայտ եկել և այդ համատեքստում Արցախում դաշնակցական գործչի ընտրությունը խորհրդարանի խոսնակի պաշտոնում նաև կարող է ողջունվել և, անգամ, քաջալերվել Ռուսաստանի կողմից։
-Ձեր կարծիքով՝ ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրությունն ի վերջո քաղաքական դիսկո՞ւրս է, վերադասավորո՞ւմ, թե պայմանավորվածություն։
-Ձեր կողմից թվարկած երեք տարրերն էլ, կարծում եմ, առկա են։ Ամեն դեպքում խոսնակի պաշտոնը չի ենթադրում գործադիր լիազորություններ և առավելապես նախատեսում է ներքին ու արտաքին լսարաններին քաղաքական բնույթի ուղերձներով դիմելու գործառույթ։ Այդուհանդերձ, ընդհանուր իրավիճակի վատթարացման, պատերազմական գործողությունների վերսկսման հանգամանքներով պայմանավորված Արցախի նախագահի պաշտոնավարման դադարեցման դեպքում խոսնակի լիազորություններով օժտված գործիչը պետության կառավարման ղեկն իր ձեռքն առնելու համար առավել մեծ հնարավորությունները կարող է ստանալ։
-Պարո՛ն Մելիքյան, կասկածից վեր է, որ Արցախի ԱԺ նախագահի ընտրությունն առանց Հայաստանի Հանրապետության իշխանության համաձայնության չէր կարող լինել։ Ուրեմն ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ իշխանությունների համար անցանկալի քաղաքական ուժից ԱՀ խորհրդարանի նախագահ է ընտրվում։
-Ոչինչ չեմ կարող ասել ՀՀ գործող իշխանության և Դաշնակցության հարաբերությունների բնույթի մասին՝ չեմ տիրապետում համապատասխան տեղեկությունների։ Չեմ բացառում նաև, որ այս հարցում գուցե եղել է երրորդ կողմ, որի ջանքերով էլ կոնկրետ այս հարցի հետ կապված Երևանի ու Ստեփանակերտի հնարավոր տարաձայնությունները չեզոքացվել են։
-Ինչպե՞ս եք պատկերացնում ԱԺ նորընտիր նախագահի և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի փոխգործակցությունը։ Փաստացի, ՀՅԴ-ն և իշխող ուժը սկզբունքային հարցերի շուրջ շարունակում են տարաձայնություններ ունենալ։
-Հավանաբար Արցախի նախագահն ու Դաշնակցությունը նախապես են պայմանավորվել գործունեության ոլորտների տարանջատման ու նաև կոնկրետ հարցերում միասնական դիրքերից հանդես գալու հնարավորությունների մասին։ Ժամանակը ցույց կտա, թե իրականում որքանով արդարացված և արդյունավետ կլինի այս նշանակումը։
-Պարո՛ն Մելիքյան, հնարավոր համարո՞ւմ եք, որ Դավիթ Իշխանյանի ընտրությունից հետո ԱՀ արտաքին քաղաքական կուրսի հետ կապված փոփոխություններ լինել։
-Չեմ բացառի նման հնարավորությունը։ Միայն ուզում եմ ընդգծել, որ Արցախի Հանրապետության համար արդյունավետ արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի ինքնիշխանության խորացման ու պետական ինստիտուտների կայացման ու կառավարման կատարելագործման գաղափարների ու գործնական քայլերի վրա։
-Ձեր կարծիքով՝ Դավիթ Իշխաննյանն այն քաղաքական գործի՞չն է, որը կարող է արդյունավետ աշխատել ծայրահեղ ծանր վիճակում հայտնված Արցախում՝ հաշվի առնելով, որ պետական կառավարման համակարգը հայտնվել է կոլապսի շեմին։
-Գնահատականներ չեմ տա, միայն կմաղթեմ, որ նա կարողանա ԱԺ խոսնակի պաշտոնում իսկապես նպաստել ներքին կայունության և անվտանգության ապահովմանը, լինի հասարակության համախմբմանն աջակցող քաղաքական գործիչ, պաշտոնյա, մտավորական։