«Խոսում են բաներ, որը չի համապատասխանում իրականությանը։ Գնում են, ծառերի տակ նկարվում են, ասում են՝ Հայաստանը գյուղերը տվեց։ Գյուղերը չենք տալիս, անհնար է, գյուղ տվողը դառնում է հանցագործ։ Մենք սկսում ենք պետական սահմանի իրավական ձևավորման գործընթաց»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Իշխանական պատգամավորը շատ հեշտ է պատկերացնում ապագան՝ հենց որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծը հաստատվի, պաշտպանությունը հեշտէ դառնալու՝ կանգնելու են սահմանապահ զորքերը, որոնք էլ կրելու են դրա պատասխանատվությունը։
Հարցին՝ ի վերջո, Տավուշի մարզի՞ց է սկսվելու սահմանազատումը, պատասխանեց. «Պարզ է չէ՞, որ երբ սկսել ենք այդ հատվածից, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ փակ սենյակում պետական անվտանգության ինչ-որ մարմին նայել է, թե որտեղ է ավելի նպատակահարմար ու գտել է այդպես, դա կոչվում է Գլխավոր շտաբ»։