Գագիկ Ծառուկյանն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Արցախի նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Գագիկ Ծառուկյանը զրուցակիցներին շնորհավորել է Արցախի անկախության տոնի առթիվ, հույս հայտնել, որ քաղաքակիրթ աշխարհի մեր դաշնակիցների ու աշխարհասփյուռ մեր հայրենակիցների կողմից գործադրվող ջանքերի շնորհիվ շրջափակման մեջ գտնվող Արցախը մոտ ապագայում կվերադառնա իր բնականոն կյանքին։
Հեռախոսազրույցների ընթացքում հանգամանորեն քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված ներկայիս իրավիճակը: Գագիկ Ծառուկյանն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին և պատրաստակամություն հայտնել գործուն աջակցություն ցուցաբերել հայկական երկրորդ հանրապետության մեր հայրենակիցներին։
Արցախի նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանի հետ զրույցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը վերջինիս մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն և ի նպաստ Արցախի Հանրապետության», – գրել է նա։