Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ աշխատանքային պատվիրակություն է մեկնելու Երևան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի և ՀՀ շուրջ ստեղծված իրավիճակը. Արցախի նախագահի մամլո խոսնակ Լուսինե Ավանեսյանն է հայտնել «Արցախպրես»-ին:
«Այցի հիմնական նպատակն է քննարկելու 2022թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Արցախյան պատվիրակության կազմում են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը»,- տեղեկացրել է Ավանեսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում արցախցիները ցույց են կազմակերպել՝ արտահայտելով իրենց դժգոհությունն Արայիկ Հարությունյանից: Նրանք պնդում են, որ արցախահայությունը չի ընդունելու ոչ մի փաստաթուղթ, համաձայն որի՝ ինքնորոշված Արցախը կլինի Ադրբեջանի կազմում:
Նշենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած հանդիպման արդյունքում քառակողմ հայտարարություն է հրապարակվել, ըստ որի՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: