Իրանագետ Արմեն Վարդանյանը չի կարծում, որ Իրանի նախագահի ուղղաթիռի կործանումն ահաբեկչություն էր, և որ կատարվածում իսրայելական հետք կա։
«Նախ, միջազգային հարաբերություններում՝ գոնե վերջին տասնամյակներում, ընդունված չէ թշնամական երկրի նախագահներ սպանել։ Օրինակ՝ Իսրայելն ունի բոլոր հնարավորությունները՝ սպանելու Բաշար Ասադին, բայց չի սպանել։ Դա չգրված օրենք է ամբողջ աշխարհում, մանավանդ Իրանն էլ այդպիսի հզոր երկիր է. չեմ կարծում, որ կգնան այդ քայլին։
Երկրորդ՝ դրա իմաստն էլ չկա, որովհետև Իրանի իրական իշխանությունը գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի ձեռքում է կենտրոնացված. նախագահը երկրորդական ֆիգուր է»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Վարդանյանը՝ հավելելով, որ թեպետ Իրանի նախագահը և ԱԳ նախարարն առանցքային պաշտոնայներ են, սակայն արտաքին քաղաքական վեկտոր, անվտանգային քաղաքականություն որոշողը այոթոլլա Ալի Խամենեին է։
Անդրադառնալով առաջիկայում Իրանում սպասվելիք իրադարձություններին՝ մեր զրուցակիցը նկատեց՝ քանի որ նախագահական ուղղաթիռի կործանման դեպքն անսպասելի էր, և տարին էլ նախընտրական չէր, դեռևս վաղ է առաջիկա զարգացումների մասին խոսել։
«Մի քանի օրից կուրվագծվեն նախագահի հիմնական թեկնածուները, որոնք կարող են դառնալ Իրանի պոտենցիալ նախագահ։ Առայժմ բոլորոը լուռ են։
Ինչ վերաբերում է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամեդ Մոհբերին, ապա նա նախագահ ընտրվելու շանսեր ունի, բայց պետք է հաշվի առնել Իրանի առանձնահատկությունները։ Կա Սահմանադրության պահապանների խորհուրդ, որն ինքն է որոշում՝ ովքեր կարող են լինել նախագահի թեկնածու, ովքեր՝ ոչ։ Շատ լուրջ ֆիլտրացիոն համակարգ է գործում, և մինչև նախագահական ընտրություններին հասնելը թեկնածուներին զտում են, ինչից հետո միայն ժողովուրդն ընտրում է»,- նշեց Արմեն Վարդանյանը՝ շեշտելով, որ Իրանի գործող փոխնախագահը մեծ ժողովրդականություն չի վայելում և առանձնապես ազդեցիկ գործիչ չէ։
Ըստ իրանագետի՝ այս օրերին այդ երկրում հնարավոր են ներիշխանական ինտրիգներ, սակայն ասել, որ այս ողբերգական դեպքից հետո Իրանում ներքաղաքական և արտաքին քաղաքական գլոբալ փոփոխություններ տեղի կունենան, ճիշտ չի լինի։
«Այս դեպքից հետո Իրանի արտաքին քաղաքական վեկտորը չի փոխվի, այդ երկրի ղեկավարության վարած քաղաքական գիծը կմնա նույնը։ Իրանը շարունակելու է մնալ գերագույն առաջնորևդի իշխանության ներքո, հիմնական իշխանությունը կենտրոնացած է լինելու այաթոլլա Ալի Խամենեի ձեռքում։
Իրանի մյուս առանձնահատկությունն այն է, որ գոյություն ունի խորքային պետություն կոչվածը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը շատ հաճախ լրջորեն հակադրվում է նախագահին»,- ասաց Արմեն Վարդանյանը՝ հավելելով, որ Իրանում ամեն ինչ գլխիվայր կշրջվի, եթե մահանա այաթոլլա Ալի Խամենեին։











