Յուրաքանչյուր տարի հայկական լոբբիստական կազմակերպությունների և համայնքի ակտիվ ջանքերի շնորհիվ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների անդամները ակտիվ աշխատում են, որպեսզի Հայաստանին և Արցախին տրամադրվող օգնության ծավալները շատ ավելի մեծ լինեն, քան ի սկզբանե բյուջեի համար պահանջում է վարչակազմը։ Այս տարի ևս բացառություն չէ, և կոնգրեսականները նախատեսում են, որ վարչակազմը մեծ քանակի ֆինանսական միջոցներ տրամադրի հայկական կողմին։ Թե որքանով է դա հնարավոր, մի փոքր բարդ է ասել, որովհետև անցած տարիների նմանօրինակ նախաձեռնությունները հաջողությամբ չեն պսակվել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 69 անդամներ՝ երկու կուսակցություններից, հերթական անգամ հանդես են եկել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը դադարեցնելու և Արցախին ու Հայաստանին 150 միլիոն դոլարի օգնություն հատկացնելու կոչով:
«Այս տարի իրավիճակը մի փոքր այլ է, որովհետև գործ ունենք Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետ։ Սա, ըստ էության, նոր իրավիճակ է, բայց դա բացարձակ չի նշանակում, որ նման նախաձեռնությունը դրական արդյունքներ է տալու, և չի նշանակում, որ նման նախաձեռնության արդյունքում Հայաստանին և Արցախին տրամադրվող օգնության ծավալները մեծանալու են այնքան, որքան պահանջում են մեր լոբբիստները»,- ասաց Սուրեն Սարգսյանը։
Միջազգայնագետի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու նախաձառնությունը վերջին տարիներին միշտ եղել է օրակարգում, բայց դրա որոշողը եղել է վարչակազմը։
«Վարչակազմը յուրաքանչյուր տարի անվտանգային ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ պայմանով, որ այն չի կարող օգտագործվել Հայաստանի և Արցախի դեմ։ Ըստ էության՝ այդ ֆինանսական միջոցներն օգտագործվում են Իրանի դեմ, այսինքն՝ օգնության նպատակն Իրանի և Ադրբեջանի ծովային սահմանի անվտանգության ապահովումն է։
Այստեղ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ, այո՛, ամերիկահայ համայնքը շատ օբյեկտիվորեն պահանջներ է ներկայացնում, և շատ լավ կլինի, եթե Ադրբեջանը զրկվի այդ օգնությունից։ Բայց պետք է հասկանալ, որ Ադրբեջանին տրամադրվող օգնությունն օրենքով սահմանված է՝ օգտագործելու Իրանի դեմ։ Իհարկե, որևէ ձևով չի կարելի բացառել, որ Ադրբեջանը դա օգտագործում է նաև մեր դեմ»,- ամփոփեց Սուրեն Սարգսյանը։