«Հայաքվե» նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարան դիմել է ուրբաթ երեկոյան։ Դեռ 3 օր չի անցել՝ այն 3 օրը, որը օրենքի պահանջ է՝ դիմումի պատասխան ներկայացնելու համար։ Մինչդեռ արդեն այսօր առավոտյան նախաձեռնության անդամներն ասուլիս են հրավիրում և հայտարարում, որ Երևանի վարչական շրջանների մի շարք ղեկավարներ հրաժարվել են ստորագրահավաքի անցկացման համար տարածքներ տրամադրել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։
«Քաղաքապետարանը դեռ ո՛չ մերժել է, ո՛չ հաստատել. սա է խնդիրը»,- պարզաբանեց նա։
Հարցին՝ այդ դեպքում Երևանի քաղաքապետարանը որտե՞ղ է թույլատրում անցկացնել ստորագրահավաքը, երևանաբնակ քաղաքացիներն ո՞ւրպետք է գնան՝ մասնակցելու «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին, Լևոն Սարդարյանը պատասխանեց.
«Այս պահին չեմ կարող պատասխանել. որոշումը կկայացվի, կփոխանցենք իրենց, թող հրապարակեն։ Այս պահի դրությամբ դեռ պարզ չէ՝ որտեղ պետք է ստորագրեն երևանցիները»։
Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ «Հավաքվե» նախաձեռնության՝ դատախազություն հանցագործության մասին հաղորդում մերկայացնելու մասով այս պահին հրապարակման ենթակա որևէ ինֆորմացիա չկա։
«Ենթադրում եմ՝ իրենք այսօր են հողորդում ներկայացրել։ Եթե այսօր են ներկայացրել, վստահաբար որևէ ինֆորմացիա հնարավոր չէ տալ։ Այդ հարցին հնարավոր է պատասխանել մի քանի՝ առնվազն 3-4 օր անց»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնության անդամներն այսօր հրատապ մամուլի ասուլիս էին հրավիրել՝ հայտարարելով, որ Երևանի որոշ վարչական շրջանի ղեկավարներ տարածքներ չեն տրամադրում «Հայաքվե»-ի ստորագրահավաքի համար։
Նախաձեռնության անդամներն ավելի վաղ հայտարարել էին, թե ցանկացած իշխանություն, որը փորձում է ՀՀ անունից հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից, դրանով քայլ է կատարում ՀՀ սահմանադրական կարգի դեմ։
Նախաձեռնության հեղինակները տեղեկացրել էին, որ սկսում են գործընթաց՝ Արցախից հրաժարումը քրեականացնելու նպատակով, և դրա համար իրենց քաղաքացիների աջակցությունն է պետք։