Հայաստանի պաշտպանվածությունը վտանգելու մասին խոսում է մի մարդ, որի քաղաքական թիմի համար Հայրենիքի հանձնումը օրինաչափ և նորմալ է։ Մինչդեռ Հայրենիքը սիրող մարդը չի կարող այն հանձնել կամ հազարավոր հայորդիների զոհվելու, սպանդի ենթարկվելու պատճառ դառնալ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Հիշեցնենք՝ ՔՊ-ական Գևորգ Պապոյանն այսօր հայտարարել էր. «Լուծարեն ԼՂ բանակը, զենքերը հանձնեն Ադրբեջանին, լուծարեն ԼՂ Ազգային ժողովը, բայց գան Հայաստանում ԼՂ ԱԺ նի՞ստ անեն։ Սա Հայաստանի դեմ ռումբ է, սա անթույլատրելի է։ Լեռնային Ղարաբաղը վարի տան, հիմա գան Հայաստանը վարի տա՞ն։ Հերիք չեղա՞վ»։
«Ցավալի է, որ այս մարդիկ շարունակում են իշխանավարել մի երկրում, որը հենց իրենք են «վարի տվել»։ Առ այսօր ինձ համար անհասկանալի է՝ ինչպե՞ս եղավ, որ մի ողջ իմաստուն ազգի կարողացան և դեռևս կարողանում են կառավարել հային ոչ հարիր կեցվածքով մարդիկ։
Ես ուզում եմ ասել, որ Արցախը չէր կարող և հիմա էլ չի կարող վտանգ լինել Հայաստանի համար. Արցախը հիմա թշնամու ձեռքում է։
Բայց ոչ մի վայրկյան չպետք է մոռանալ, որ առանց Արցախ ուժեղ Հայաստան չի կարող լինել։ Սա արձանագրված փաստ է, և մնացած բոլոր թեզերը, որ բերում են ՀՀ գործող իշխանությունները, կեղծ և մոլորեցնող են»,- նշեց արցախցի պատգամավորը՝ հավելելով, օր օրի ավելի ակնհայտ է դառնում Հայաստանի թուլացումը, ՀՀ՝ որպես սուբյեկտ միջազգային հանրության կողմից անտեսումը։
Մետաքսե Հակոբյանը կրկին շեշտեց՝ իրենց ողջ կյանքը պայքարի, հայրենի երկրի զարգացման և բարօրության մեջ ներդրած արցախցիների վրա այսօր մատ են թափ տալիս մարդիկ, որոնք Հայրենիքի և անցյալի զգացում չունեն։
«Ի վերջո, մենք չենք, որ բացել ենք Արցախի հարցը. Արցախի հարցը բացել են Եռաբլուրում և Եղբայրական պանթեոնում ննջող հայորդիները, և հետևաբար մենք չենք, որ պետք է փակենք Արցախի հարցը»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր անընդունելի էր համարել, որ Հայաստանում Արցախի ԱԺ նիստ է գումարվել։
Վերջինս արցախցիներին խորհուրդ էր տվել «խելքի գալ»։
«Լեռնային Ղարաբաղը վարի տան, հիմա գան Հայաստանը վարի տա՞ն։ Հերիք չեղա՞վ»,- ընդգծել էր ՔՊ-ականը։