Azg.am-ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը։
-Պարո՛ն Աթանեսյան, կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցադրում կատարեց՝ ինչո՞ւ ռուս խաղաղապահները չեն ապահովում հումանիտար օգնության մուտքն Արցախ, եթե Ադրբեջանը պնդում է, որ չի արգելափակել Լաչինի միջանցքը։ Իսկապես, ըստ Ձեզ, ինչո՞ւ չեն պահովում։
-Լաչինի միջանցքի արգելափակմամբ Ադրբեջանը փորձում է Արցախը վերջնականապես հայաթափել, և եթե գործընթացները շարունակվեն այս տրամաբանությամբ, ապա կունենանք այն, ինչ եղավ Նախիջևանում։ Այսօր Արցախի մնացյալ տարածքները նման են միջնադարում պաշարվող բերդերին, որոնց թշնամին առաջարկում էր սնունդ՝ բերդի դարպասները բացելու դիմաց։ Հայտնի է, թե նման պատմություններ ինչով էին ավարտվում։ Այժմ, գրեթե համոզված եմ, Լաչինի միջանցքի մոտ կանգնած մեր բեռնատարները հենց այդ նախապայմանով են ներս թողնելու՝ արցախցիներին համոզելու դիմաց, թե ժամանակն է հանձնվել։ Այդ ձևաչափով են իրականացվել Հայաստան-Ադրբեջան բանակցություններն «առանց միջնորդների» Բրյուսելում։ Այդ մասին վերջերս ՀՀ իշխանություններին հորդորեց նաև ՌԴ արտգործնախարար Լավրովը, թե «համոզեք Ղարաբաղի հայերին սկսել բանակցել Ադրբեջանի իշխանությունների հետ»։ Սա է, հավանաբար, Լաչինի միջանցքով հումանիտար օգնության չմատակարարման պատճառներից մեկը։
Փաստորեն, իմ կարծիքով, այսօր արցախցիներին առաջարկվում է «Սնունդ Արցախի դիմաց» բանաձևը, և քանի որ սնունդը ներս չեն թողնում, նշանակում է, Արցախի իշխանություններն ու բնակչությունը իրենց պետականությունը, հողն ու կենսաձևը հացով չեն փոխանակում։ Իսկ Հայաստանի իշխանություններն ու բնակչության որոշակի հատվածը, կարծես թե, արդեն փոխանակել են։
Մյուս պատճառը Փաշինյանի հայտարարված համաձայնությունն է՝ ճանաչելու «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»՝ Արցախով հանդերձ։ Սա նշանակում է, որ Հայաստանից հումանիտար օգնությունը մատակարարվում է մեկ այլ պետություն, որի համաձայնությունն այդ պետությունը կարող է և չտալ։ Ավելին՝ դրանով այդտեղ նաև ավելորդ են դառնում ռուս խաղաղապահները։ Թվում է, թե այդ որոշումը նաև Ռուսաստանի և Ադրբեջանի համաձայնության արդյունք է, սակայն դժվար չէ հիշել, որ Ռուսաստանը վերջին ամիսներին տարբեր դիվանագիտական և լրատվական ալիքներով ՀՀ ղեկավարությանը և հասարակությանը հորդորում էր՝ Արցախի կարգավիճակի որոշման հարցում չշտապել, այն հետաձգել, և դրանում առաջարկում էի իր աջակցությունը։ Այդ իմաստով Լավրովի հորդորները՝ ապահովել արցախցիների և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսությունը, ղարաբաղյան կարգավորման գործընթացից վերջնականապես դուրս չմնալու, նաև քիչ դաշնակիցներ ունենալու պարագայում նաև Ադրբեջանին բարեկամական նշաններ անելու Ռուսաստանի փորձերն են։
–Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը նաև բավական երկար դժգոհեց Ադրբեջանի նախագահի ծավալապաշտական նկրտումներից, նշեց, որ նրա նպատակը Հայաստանից նոր տարածքներ կորզելն է։ Իրականում ո՞ւմ են ուղղված Փաշինյանի բողոքները, ի՞նչ կարող է անել ՀՀ շարքային քաղաքացին ՝ հաշվի առնելով, որ բանակցողն էլ, բանակցային անհաջողությունների թիվ մեկ պատասխանատուն էլ ինքը՝ Փաշինյանն է։
-Կա կարծիք, որ Փաշինյանի ելույթները պետք է վերլուծել ոչ թե քաղաքագիտության, այլ հոգեբանության, անգամ հոգեբուժության տեսանկյունից։ Այդ տեսակետը կարող է օգտակար լինել, սակայն, իր ելույթների քաղաքագիտական վերլուծությունները ցույց են տալիս, որ հերթական զիջում անելուց առաջ է հայտնում, թե դա Ադրբեջանի նկրտումներն են։ Փաշինյանն արդեն վաղուց մեր տեղեկատվական դաշտում հանդես է գալիս որպես արդբեջանական քաղաքական օրակարգի հնչեցման միջոցը․ սկզբից բարկանում է, թե մեզնից տարածքներ են ուզում, հետո տարակուսում է, ապա՝ տխրում, արդյունքում՝ հանձնում։ Սա նաև կարող է նշանակել, որ ՀՀ հետհեղափոխական վերնախավը սեփական քաղաքական օրակարգ չունի, և առաջնորդվում է արտաքին ազդակներով։
Առհասարակ, պատերազմական պայմաններում հայտարարությունները, բողոքները, բամբասանքները, մեղադրանքները, զգացմունքայնությունը և այլն խիստ վնասակար են և չպետք է զանգվածաբար տարածել, դրանցով առաջին հերթին չպետք է տարվեն պետության առաջնորդները։ Հատկապես ՀՀ հետհեղափոխական ընտրանու գործելակերպում խոսքը գործից էապես շատ է։ Հասարակությունը կարիքն ունի զուսպ, խոհեմ, գործուն, պետականամետ, անզիջում առաջնորդների։ Նման մարդիկ ոչ միայն մեր քաղաքական և քաղաքականությանը մոտ գտնվող շրջանակներում, այլև առհասարակ հասարակության մեջ խիստ սակավ են։ Մեզ վրա աշխատելու կարիքն ունենք։
Ինչ վերաբերում է Փաշինյանի քաղաքական կերպարին, ապա ներկայացնելով Հայաստանն ու հայ հասարակությունը, նա արդեն էական վնաս է հասցրել և՛ հայոց հերոսների, գործիչների համբավին, և՛ պետական իշխանության մարմինների վարկանիշին, և՛ Սփյուռքում «հայաստանցու» մասին ընկալումներին, և՛ Արցախում՝ Հայաստանի և հայաստանցիների հանդեպ վերաբերմունքին։ Այն, որ իրեն չեն հարգում, չեն սիրում և չեն վստահում ո՛չ Հայաստանում, ո՛չ Սփյուռքում, ո՛չ՝ այլ պետություններում, նա լավ գիտակցում է, ուստի և իր այդպիսի կենսակերպն ու գործելակերպն ամենայն հավանականությամբ նպատակային է և մտածված։
–Ի՞նչ նպատակ է հետապնդում Նիկոլ Փաշինյանը, երբ կառավարության յուրաքանչյուր նիստի ժամանակ բողոքում է Ալիևից այն քայլերի համար, որոնց հակազդման լիազորությունը միայն և միայն իրեն է վերապահված։
-Պատասխանը նույնն է, ինչ նախորդ հարցի պատասխանն էր։
-Պարո՛ն Աթանեսյան, արդյոք Ադրբեջանի գործողությունները, հայկական կողմին զուգահեռ, հոգեբանական ճնշում են գործադրում նաև ռուսների վրա։
-Ադրբեջանը վաղուց արդեն էապես ներդրվել է ՌԴ տեղեկատվական դաշտում՝ ստեղծելով ադրբեջանամետ և ադրբեջանական աղբյուրներից ֆինանսավորվող տեղեկատվական հարթակներ, սնուցելով ադրբեջանամետ փորձագետներին, լրագրողներին, մեկնաբաններին, գիտնականներին։ Այդ մասին հայ մասնագետները բազմիցս զեկուցել են ՀՀ հին և նոր իշխանություններին, սակայն մեր կողմից նման գործողություններ բարեկամ Ռուսաստանում չեն ձեռնարկվել․ հաճախ դրսևորել ենք «թքած ունենալու» մեր սովորույթը, հաճախ՝ անհիմն մեծամտությունը, թե «ի՞նչ պիտի դրանք մեզ անեն», հաճախ հույս ենք դրել այլոց վրա, և այլն։ Որպես հետևանք՝ Ռուսաստանի տեղեկատվական դաշտն այսօր, և հատկապես պատերազմից հետո, կարելի է բնութագրել որպես ավելի ադրբեջանամետ, քան՝ չեզոք, և առանձին ու ոչ էական դեպքերում միայն՝ հայամետ։ Այնպես որ ռուսական կողմին հոգեբանորեն «ճնշելու» կարիք չկա․ Ադրբեջանն ակտիվ օգտագործում է «փափուկ ուժ»՝ ռուսներին դուր գալու իր արդյունավետ արվեստը, որի գործիքներն ու միջոցները գաղտնի չեն, և նույնքան մատչելի էին նաև մեզ համար։
Հետաքրքիր հարց է, թե արդյո՞ք ադրբեջանական տեղեկատվահոգեբանական գործողությունները ճնշում են հայերիս։ Եթե խոսքն Արցախի հայերի մասին է, ապա, իհարկե, ոչ։ Եթե հայաստանցիների, ապա, հավանաբար, ավելի մեծ ճնշում է գործում մեր իսկ ղեկավարների ագռեսիվ պոպուլիզմը, քան՝ Ադրբեջանի ռազմատենչ, այժմ նաև՝ խիստ անհարգալից, ծաղրող, սպառնացող հայատյացությունը։ Այլ բան Ադրբեջանից սպասելի չէր, սակայն այսօր, ցավոք, Հայաստանի ու հայ ժողովրդի կերպարներն արտաքին միջավայրում նույնականացվում են մեր հետհեղափոխական ղեկավարների հետ, ինչը որևէ հարցում մեր օգտին չէ։