Azg.am-ի զրուցակիցն է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
-Պարո՛ն Աղազարյան, վաղը՝ ապրիլի 29-ին, նշվելու է ՀՀ քաղաքացու օրը։ Երևանում այդ տոնն ավանդաբար մեծ շուքով է նշվում։ Իսկ ի՞նչ ծրագրեր կան ՀՀ սահմանամերձ, թշնամու առաջխաղացմանն անզեն աչքով ամեն օր հետևող գյուղերի՝ Շիկահողի, Ճակատենի, Տեղի, Սոթքի մասով։ Արդյոք ՀՀ իշխանությունները պատրաստ են նույնքան մեծ շուքով տոնը նշելու նաև ադրբեջանցիների ներկայությունն ամեն րոպե զգացող գյուղացու հետ։
-Եթե մարդիկ Երևանում պետք է հավաքվեն, Մաշտոցի պողոտայում կամ Օպերայի հրապարակում զբոսնեն, Սոթքում Օպերայի հրապարակ չկա։ Բայց այդ գյուղերում, իհարկե, տոնական միջոցառումներ կազմակերպվելու են, անպայման։ Թե ինչ շուքով, ինչ մակարդակով, մի քիչ դժվարանում եմ ասել, որովհետև մանրամասներին տեղյակ չեմ։
-Ամեն դեպքում, սահմանամերձ գյուղերում միջոցառումներ նախատեսվում են։
-Անպայման, անպայման, միգուցե ոչ բոլոր, բայց կասեի՝ գրեթե բոլոր։ Տարածքային մարմինները պետք է կարողանան նաև հասցնել։
-Պարո՛ն Աղազարյան, այն վիճակում, որում այսօր գտնվում է Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ քաղաքացուն հպարտանալու տեղ մնո՞ւմ է։ Օրինակ՝ ինչո՞վ այսօր կարող է հպարտանալ ՀՀ քաղաքացին՝ բանակով, անվտանգության մակարդակով, դատական համակարգով։ Կամ գուցե մի քանի այլ կետե՞ր կնշեք։
-Ձեր նշած բնագավառներում և ընդհանրապես բոլոր բնագավառներում Դուք կարող եք նշել 5 թերություն, ես ևս մեկը կավելացնեմ։ Ուզում եմ ասել՝ թերություններ կան, անկասկած կան։ Բայց այսօրվա դրությամբ հպարտանալու ամենակարևոր հանգամանքը ես կարող եմ համարել այն, որ ՀՀ քաղաքացիները վստահ են, որ նշված բոլոր բնագավառներում աշխատանքներ են կատարվում այն ուղղությամբ, որ վաղը չէ մյուս օրը լինի լավ և բոլորի համար ընդունելի։ Եվ հպարտանան ոչ միայն նրանք, ովքեր այսօր տեսնում են փոփոխությունները, այլ նաև մեր բոլոր քաղաքացիները, որ անհնարին լինի չտեսնել։
Ես չեմ ասում՝ վաղը չէ մյուս օրը թերություններ չեն լինի, էլի կարող են լինել, բայց թերությունները շատ են, և մենք պետք է աշխատենք, որպեսզի դրանք վերացնենք։
Այդ թերությունները վերացնելուն միտվածությունը և նպատակասլացությունը, կարծում եմ, պակաս բան չէ հպարտանալու համար։ Իսկ այն հանգամանքը, որ մենք այսօր գտնվում ենք պատերազմական իրողությունների մեջ, որը բոլոր առումներով ազդում է մեր առօրյա կենսակերպի վրա, ոչ ոք չի ժխտում։
-Իսկ, ըստ Ձեզ, ինչպե՞ս կամ ինչո՞վ հպարտանա ՀՀ քաղաքացին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամեն օր սպառնում է «վերադարձնել Արևմտյան Ադրբեջանը և Էրիվանը»։ Արդյոք նման հոխորտանքներ լսող հայ մարդը կարող է հպարտություն ապրել։
-Այո՛, ՀՀ քաղաքացին հպարտություն ապրելու է Ձեր ասած կոնտեքստով՝ այն իմաստով, որ, փաստորեն, հայ ժողովուրդը, հայոց պետականությունը կարողացան դիմակայել թուրք-ադրբեջանական թշնամական տանդեմին։ Եթե շատերին թվում է, թե Ադրբեջանի կամ Թուրքիայի նպատակը Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելը և Արցախը հայաթափելն է, ապա կարող եմ ասել՝ իրենց նպատակը բոլորովին դա չէ, որին, փառք Աստծո, չեն հասել, չեն էլ հասնի։
Իրենց նպատակը շատ ավելի հեռու գնացող է եղել, և երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը իրենց հասարակությանը ներկայացնում է իրենց հաջողությունները, այնտեղ էլ կան մարդիկ, որոնք համաձայն չեն իրենց հետ։ Քիչ, բայց կան մարդիկ, որոնք համարձակվում են ասել՝ «Ի՞նչ եք արել, պարոն Ալիև, հարգելի ռազմաքաղաքական ղեկավարություն. այն հողերն եք հետ բերել, որ ամբողջ աշխարհն ասում էր՝ մե՞րն է»․ Ալիևն ասում է՝ «Չէէէ, սպասեք դեռ. Զանգեզուր, Արևմտյան Ադրբեջան»։
Բնականաբար, այդ լեքսիոկոնը հաղթող (չակերտների մեջ) ղեկավարի լեքսիկոն չէ, այլ լեքսիկոն է մի մարդու, որը ցանկանում է իր հասարակությանը կերակրել։
Այո՛, ես գտնում եմ, որ ՀՀ քաղաքացին կարող է հպարտանալ, որ իր որդիների, ցավոք սրտի, արյան շնորհիվ կարողացավ դիմակայել և դիմակայում է ադրբեջանաթուրքական տանդեմին։
-Պարոն, Աղազարյան, բայց Սյունիքի մարզում ադրբեջանցիներն ամեն օր ավելի ու ավելի են առաջ գալիս, ՀՀ սուվերեն տարածքում նոր դիրքեր և հենակետեր տեղակայում՝ ընդհուպ հայ գյուղացիներին սեփականության իրավունքով պատկանող ցորենի արտերում։ Սա՞ է դիմակայելը։
-Դա արդեն այն թերությունների շարքից է, որ ես Ձեզ հետ համաձայնեցի, որ կան թերություններ և բացթողումներ՝ երբեմն օբյեկտիվ, երբեմն ոչ օբյեկտիվ, որոնք մենք պետք է վերականգնենք. ինչի՞ մասին է խոսքը։
-Օրինակ՝ ինչպե՞ս հպարտ լինեն Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչները, որոնք ամեն օր ականատես են լինում գյուղի մերձակայքում դիրքավորված ադրբեջանցիների՝ անդադար շարունակվող խրամատավորման աշխատանքներին։
-Տեղ գյուղի բնակչի հպարտությունը, իմ կարծիքով, պետք է պայմանավորված լինի նրանով, որ ՀՀ իշխանությունները խնդիրներին նայում են բաց ճակատով, և ոչ թե խուսանավում են կամ փախչում խնդիրներից։
Այսօր մեր հնարավորությունները այդ կարգի են, որովհետև, նորից եմ ասում, 3 միլիոնանոց ժողովուրդը դժվարություններ կունենա 80-90 միլիոնանոց տանդեմի դեմ պայքարելու հարցում՝ և՛ ռազմական, և՛ ռազմաքաղաքական իմաստներով։ Բայց բոլոր դեպքերում Տեղ գյուղի բնակիչը, որն այսօր ինչ-որ տեղ հոգեբանական ճնշումների տակ է գտնվում, կարող է հպարտանալ, որ իր իշխանություններն իրեն չեն խաբում։ Կորուստներ ունենք, ցավոք սրտի, բայց մենք ամեն ինչ անում ենք կորուստները վերականգնելու համար։ Ես այդպես կգնահատեի։