Այն, ինչ երեկ հոգևորականների նկատմամբ տեղի ունեցավ Սարդարապատում, տարրական քինախնդրություն էր՝ ի պատասխան մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանի այցելության դեմ հանրային բողոքի։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով նախորդ օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր հայրերի մուտքը դեպի Սարդարապատի հուշահամալիր իրավապահների կողմից խոչընդոտելու միջադեպին։
«Հայտնի է, որ ՀՀ իշխանությունները բավականին քինախնդիր վերաբերմունք ունեն, և թունոտ ու գռեհիկ ձևով են արձագանքում ցանկացած այսպիսի դեպքերին, նույնիսկ սովորական քննադատություններին։ Դա նրանց ձեռագիրն է, ինչը նշանակում է, որ իշխանության ներկայացուցիչները փորձելու էին նմանատիպ սադրանք կազմակերպել Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ»,- ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով երեկվա միջադեպի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի պարզաբանմանը, որ ոստիկանությունն ընդամենը Վեհափառից փորձել է ճշտել՝ նա եկել է «խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելո՞ւ», քաղաքագետը նկատեց՝ վարչապետը մեկ անգամ ևս հաստատեց՝ հարցը ոչ թե մտավախություններն են, այլ շատ կոնկրետ վերաբերմունք ցույց տալը, որ իշխանությունը պատասխանում է Հայ Առաքելական եկեղեցուն։
«Ընդ որում՝ այստեղ ամենամեծ ցավն այն է, որ իրենց պարագայում հարձակումն ուղիղ Հայ Առաքելական եկեղեցու՝ որպես ինստիտուտի դեմ էր և նպատակ ուներ հեղինակազրկելու այդ ինստիտուտը։ Անձամբ ես պատմության մեջ չեմ հիշում նման երկրորդ դեպք, երբ իշխանությունների կողմից այսքան փորձ արվի հեղինակազրկելու այս ինստիտուտը։
Իհարկե, այսպիսի բաներ եղել են խորհրդային տարիներին, բայց դժվար էր նման բան պատկերացնել անգամ Արաբական խալիֆայության ժամանակ, որովհետև այն ժամանակ Հայոց եկեղեցին պատշաճ հարգանքի էր արժանանում նույնիսկ արաբ նվաճողների կողմից։ Նույնիսկ Օսմանյան կայսրության կառավարման շրջանում եկեղեցականների նկատմամբ, գոնե սկզբնական շրջանում, բավականին լոկալ վերաբերմունք կար»,- նշեց Արա Պողոսյանը։
Քաղաքագետը շեշտեց՝ բոլոր ժամանակներում իշխանությունները փոփոխվել են, բայց Հայ Առաքելական եկեղեցուն հասցված բարոյական վնասը անդառնալի է լինելու։
«Պետությունը և եկեղեցին հակադրվում են, և սա աղետ է։ Էական է, թե ինչ են իրենցից հետո թողնելու իշխանությունները»,- ասաց մեր զրուցակիցը։
Արա Պողոսյանը հույս հայտնեց, որ երբևէ պետություն-եկեղեցի խաղաղ գոյակցություն կրկին լինելու է։
«Եթե նկատի ունենք պետությունը և եկեղեցին, ապա խաղաղ գոյակցություն լինելու է։ Դա նորմալ վիճակ է. այլ կերպ չի կարող լինել։ Պետության և եկեղեցու միջև չի կարող հակադրություն լինել։ Մյուս կողմից, սա նույնիսկ պետության և եկեղեցու միջև հակադրություն չէ. սա իշխող խմբի և եկեղեցու միջև հակադրություն է։ Պետության և եկեղեցու միջև չկա և չի կարող հակադրություն լինել։ Սա հակադրություն է խմբի և ինստիտուտի միջև։ Խմբի, որը մերժում է եկեղեցուն, ծաղրում նրան, իսկ եկեղեցին իր հերթին պայքարում է հոգևոր արժեքների և պետության ապագայի համար»,- ամփոփեց Արա Պողոսյանը՝ հավելելով, որ որքան եկեղեցու նկատմամբ իշխանությունները կոշտ քայլեր ձեռնարկեն, այնքան կշեռքի նժարը թեքվելու է եկեղեցու կողմը, ժողովրդի աջակցությունն աճելու է։











