Խաղաղություն չեն մուրում, խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ խաղաղության գործընթացը միակողմանի պարտադրանքի և ճնշումների արդյունք է.
«Սա նման է սահմանազատման այն գործընթացին, երբ որևէ փաստաթուղթ գոյություն չուներ, բայց միակողմանի զիջումներ իրականացվեցին։ Ադրբեջանի նման հռետորաբանության իրավիճակում շատ դժվար է մտածել խաղաղության մասին։ «Խաղաղության պայմանագիրը» պարզապես խաբկանք է կամ այն պարզապես շեղում է իրողությունից»։
Ըստ Սեյրան Օհանյանի՝ ՊՆ-ն և մնացած բոլոր ուժային կառույցները պետք է պատրաստ լինեն ամեն ինչի։
«Գտնում եմ, որ էսկալացիայի վտանգը բավականին ցածր է, բայց այնպիսի իրավիճակում ենք, որ պատերազմ կարող է հրահրվել ցանկացած ժամանակ, և մարտական գործողություններ կարող են ծավալվել նույնիսկ մի փոքր պատճառից։ ՊՆ-ն պետք է պատրաստ լինի դրան։ Պետք է պատրաստ լինել մարտական գործողությունների»