Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով։ Այս մասին ասված է ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։
Հիշեցնելով, որ մարդասիրական օգնություններով բեռները գտնվում են ինչպես Լաչինի (Բերձոր), Աղդամի (Ակնա) երթուղիների մոտ՝ Վաշինգտոնը կոչ է արել անհապաղ ու միաժամանակ բացել երկու միջանցքները՝ թույլ տալու համար անհրաժեշտ մարդասիրական մատակարարումները ԼՂ-ի բնակչությանը։
«Մենք նաև կոչ ենք անում առաջնորդներին՝ չձեռնարկել որևէ գործողություն, որը լարվածությունն է բարձրացնում կամ շեղում այս նպատակից: Վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է»,- հայտնել է Բլինքենը։
Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ ուղղակի երկխոսության միջոցով կարգավորելու չլուծված խնդիրները՝ նպատակ ունենալով հասնել արժանապատիվ ու կայուն խաղաղության:
«Մենք կրկնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները և անվտանգությունը։ Մենք նաև խրախուսում ենք երկխոսությունը Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջև։
Միացյալ Նահանգները նաև վերահաստատում է առաջընթացի միակ ճանապարհը՝ խաղաղությունը, երկխոսությունն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի հիման վրա»,- ասված է Բլինքենի հայտարարության մեջ։