Ադրբեջանը ստիպված է եղել հակաահաբեկչական գործողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Նախիջևանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ցավոք, Ղարաբաղում Ադրբեջանի օրինական մտահոգություններին արձագանքելու համար ոչինչ չարվեց, ուստի նա ստիպված եղավ գործողություն իրականացնել: Ադրբեջանի այս հաղթանակով տարածաշրջանում իրավիճակի լիարժեք կարգավորման հնարավորություն ստեղծվեց: Եվ այս հնարավորությունը, համոզված եմ, վերլուծության կարիք ունի։ Մենք Հայաստանից ակնկալում ենք, որ նա կպատասխանի իրեն մեկնած խաղաղության ձեռքին և ազնիվ քայլեր կձեռնարկի»,- ասել է նա։
Ինչպես նշել է Թուրքիայի առաջնորդը, խաղաղ հանգուցալուծման դեպքում պարտվողներ չկան:
«Մեր ժողովուրդների առջև մեր պարտքն է տարածաշրջանում խաղաղություն, հանգստություն և բարգավաճում ապահովելը: Մենք վճռականորեն և անկեղծ տրամադրված ենք դա կյանքի կոչել, և ուզում ենք, որ մեր գործընկերները ցուցաբերեն նույն անկեղծությունը»,- հայտարարել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ ադրբեջանական բանակի գործողությունն իրականացվել է շատ կարճ ժամանակում և առավելագույն ուշադրությամբ խաղաղ բնակչության (անվտանգության – խմբ․) նկատմամբ։ Նա նաև հավելել է, որ այս գործողությունը կրիտիկական իրադարձություն է տարածաշրջանի համար ։
Էրդողանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բացառիկ են, և իրենք շարունակելու են իրենց ջանքերը՝ Բաքվի հետ բոլոր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ։