«ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստում կայացվել է որոշում, որի արդյունքում խումբ է եկել Հայաստան, տեղում դիտարկել և գնահատել է իրավիճակը։ Հիմա մենք առաջիկայում նախաձեռնում ենք ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որպեսզի քննարկենք այդ զեկույցը։ Ես հույս ունեմ, որ հնարավորինս արագ տեղի կունենա այդ նիստը։ Ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային և կընդունի ճանապարհային քարտեզ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ»,- ԱԺ-ում պատգամավորների ու կառավարության անդամների միջև հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նաիկոլ Փաշինյանը։։
Փաշինյանը հայտարարել է, որ կցանկանում է, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչեւ այս տարեվերջ:
«Ինչքանո՞վ է դա իրատեսական: Ես և կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որ դա լինի իրատեսական: Մենք հույս ունենք, որ, մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը, ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները:
Ինչքանով է դա իրատեսական. եթե հաշվի առնենք, որ Պրահայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական, որովհետև սահմանները հայտնի են»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև. «Սա շատ կարևոր հանգամանք է ու Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության որոշակի մեխանիզմներ պետք է լինեն: Շատ լավ կլինի ու շատ գոհ կլինեմ, եթե մենք կարողանանք դա անել», – հայտարարել է նա: