Azg.am-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
-Պարո՛ն Նահապետյան, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից։ Նշված խմբի տղամարդկանց համար զինվորական ծառայությունը 27-37 տարեկան սահմանելն արդյոք չի նշանակում ուղիղ իմաստով մտնել մարդկանց գրպանները. մինչև 37 տարեկանը լրանալը մեծ հավանականությամբ շատ տղամարդիկ կհասցնեն 2,5-15 միլիոն դրամ խնայել՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար։
-27-37 տարեկաններն այս կամ այն պատճառով բանակում չծառայած տղամարդիկ են։ Նրանք Հայաստանում չեն գտնվել. հանգամանքների բերումո՞վ են դրսում հայտնվել, թե կանխամտածված խուսափել են ծառայությունից և լքել երկիրը, այլ հարց է։ Հիմա այդ մարդկանց հնարավորություն է տրվելու կասեցնելու իրենց նկատմամբ քրեական հետապնդումը՝ կասեցնել երկու ճանապարհով՝ կա՛մ ամբողջությամբ ծառայում ես և որևէ գումար չես վճարում, կա՛մ վճարում ես ինչ-որ գումար, բայց նաև որոշ ընթացք ծառայում։
Իրավական կողմով միգուցե ճիշտ է, որ այդ մարդիկ Հայաստան գան։ Իրենց հնարավորություն է տրվում. այդ առումով օրենքի նախագիծը դրական է։ Բայց այստեղ կա բարոյական կողմը՝ գումար վճարել և չծառայել։
Ես ընդամնեը մի զուգահեռ բերեմ Իսրայելի պաշտպանության բանակից՝ ՑԱԽԱԼ-ից։ Այն կազմավորվում է ոչ միայն Իսրայելի քաղաքացիներից. գալիս են նաև այլ երկրներից ազգությամբ հրեաներ, որոնք իրենց պարտքն են համարում ծառայել հայրենիքին։
Հիմա Հայկ Սարգսյանի նախաձեռնության մասին. վաղը կարող է առաջարկ լինի ուսումնասիրել, թե վերջին 20 տարվա ընթացքում ով ինչպես է բանակից ազատվել՝ սկսած իշխանության ամենաբարձր ատյաններում գտնվող անձանցից։ Խոսքը մոտ 80 հազար չծառայածի մասին է՝ այն էլ Հայաստանի նման երկրում, երբ դա տարեկան ռեսուրսի 50-60 տոկոսն է կազմում։ Առավել ևս, որ դրա նախադեպը կա։ Ես լավ հիշում եմ, որ 1998 թվականին Վազգեն Սարգսյանը որոշում կայացրեց, որ զորակոչված և ինչ-որ ճանապարհներով չծառայած, սակայն զինգրքույկ ստացած անձանց տվյալները ստուգվեն։
Երբ 6-7 տարվա զորակոչն ուսումնասիրվեց, մի քանի հազար հոգի շատ արագ ճամպրուկները կապեցին և մեկնեցին բանակ ծառայելու։ Նաև մի քանի քրեական լուրջ գործեր հարուցվեցին, որովհետև պարզվեց, որ ինչ-որ սխեմաներ են աշխատել։
Այժմ գումար վճարելով և չծառայելով՝ մենք կարող ենք օրինականացնել նման սխեմաների կենսագործունեությունը։ Մինչդեռ պետությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի իր քաղաքացին 18 տարեկանը լրանալուց հետո ծառայությունից խուսափելու միտք անգամ չունենա։ Որպեսզի նոր հեծանիվ չհորինենք, այստեղ խնդիրը ոչ թե հետևանքների վերացման մեջ է, այլ պատճառների։
Եթե մինչև 2018 թվականը բանակում չծառայելը պայմանավորված էր որոշակի վախով, ապա 18 թվականից հետո շատ ավելի վատթար վիճակ ստեղծվեց, երբ երկրի ղեկավարի տիկինը տղաների զոհվելու փաստն առ ոչինչ գնահատեց։ Իմաստազրկվեց երկրի պաշտպանությունը։ Նրանք, ովքեր լուրջ ճանապարհ էին անցել, ձեռքբերումներ ունեին, դուրս մղվեցին զինվորական կառավարման ոլորտից։ Պատերազմը ցույց տվեց իշխանությունների վարած սխալ կադրային քաղաքականությունը։
Ըստ իս, եթե լուծելու խնդիր կա, ապա պետք է հոգեբանական վիճակը փոխվի, և փոխողը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չեն։ Ոչ թե նրա համար, որ իրենք վատ են կառավարում, այլ նրա համար, որ բանակում չեն ծառայել։ Երբ նույն Փաշինյանը հիմնավորում է բերում, որ չի ծառայել օրենքի համապատասխան կետով, չմոռանանք, որ իր հետ սովորող ՀՅԴ երիտասարդական թևի ղեկավար Վարդան Թաշչյանը կամավոր զենք վերցրեց, գնաց, Հայրենիքը պաշտպանեց և նահատակվեց։ Այնպես որ, քանի դեռ երկրի ղեկավարները դասալիքներն են և իշխանությունից չեն հեռացել, երկրում իրավիճակ չի փոխվելու։
Իշխանությունը շարքային քաղաքացուց չի կարող պահանջել մի բան, երբ ինքը հակառակն է անում։ Փաշինյանի թիմը չի կարող բանակից և հայրենասիրությունից խոսել, երբ այդ թիմի մի մասը պոտենցիալ դասալիքներ են, մի մասը՝ հոգով դասալիքներ, և պատահական չէ, որ այդ տեսակին են իշխանության բերել։
-Պարո՛ն Նահապետյան, անդրադառնանք Հայաստանին մատակարարվող զենքի հանրայնացման թեմային։ Ինչպե՞ս եք վերաբերում այս փաստին՝ մե՛կ Ֆրանսիայից Հայաստան մատակարարվող զրահամեքենաների, մե՛կ՝ Հնդկաստանից ներկրվող 150 հազար միավոր նռնակի մասին համացանցային լուրեր և լուսանկարներ։
-Նա, ով նման քայլեր է անում (իսկ նման քայլեր անում է Նիկոլ Փաշինյանը), տեղեկություններ է տալիս մեր ոչ բարեկամ երկրների հատուկ ծառայություններին։ Եթե Փաշինյանը 44-օրյա պատերազմի չորրորդ օրը կոչ է անում տներից վերցնել զրահաբաճկոնները և սաղավարտները և մեկնել դիրքեր, դա ցուցիչ է այն բանի, որ նա բաց աղբյուրներով Ադրբեջանի հատուկ ծառայություններին ցույց է տալիս, որ մենք բանակում խնդիրներ ունենք։
Ձեռք բերվող զինատեսակների մասին ցանկացած հայտարարություն իր մեջ ռազմական գաղտնիք է պարունակում։ Հիմա ՀՀ իշխանությունները, զենք գնած-չգնած, արդեն հուշագիր են ստորագրել, զենք գնելը մատի փաթաթան դարձրել։ Սա ոչ միայն հնարավորություն է իրենց ինքնահաստատման համար և խոսում է իրենց մեծամտության մասին, այլ նաև հնարավորություն է ընձեռում Ադրբեջանին, որպեսզի այնտեղ նախագահից սկսած՝ ասեն, որ Հայաստանը զինվում է, որ Հայաստանին Ֆրանսիան է զինում, և դա արվում է, որպեսզի Հայաստանն Ադրբեջանի վրա հարձակվի։ Ադրբեջանն այնուհետ կարող է հայտարարել, որ կանխարգելիչ քայլերի է դիմելու, որպեսզի Հայաստանը չհարձակվի իր վրա, օրինակ՝ այդ քայլերի արդյունքում ընդհուպ հասնելով Երևանի մատույցներ։
Հիմա ուզում եմ հարց տալ. օրինակ՝ որևիցե մեկն իմացե՞լ է, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, 2018 թվականից առաջ ռազմատեխնիկական լրջագույն համագործակցություն է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ Ո՞վ է այդ մասին իմացել. ոչ ոք այդ մասին չի բարձրաձայնել։ Քաղաքականությունն այդպես է վարվում։ Անգամ Ռուսաստանը դրա մասին գիտեր։
Իսկ հիմա այս իշխանությունները, դեռևս զենք չգնած, իրենց գովազդում են՝ Ադրբեջանին այսպիսով հնարավորություն տալով վաղը-մյուս օրը որոշակի քայլերի դիմելու։
-Պարո՛ն Նահապետյան, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ պաշտպանական ծախսերի ավելացումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։ Նա ասաց, որ դա խաղաղության, ոչ թե պատերազմի պատրաստություն է։ Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի վրա չհարձակվելու վերաբերյալ Փաշինյանի հավաստիացումները։
-Նա նաև այլ բան հայտարարեց. ասաց՝ Հայաստանը որևէ հարևանի վրա հարձակվելու մտադրություն չունի։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այդ պահին Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի ղեկավարները որքան լիաթոք են ծիծաղել։ Ես դրա համար ասում եմ՝ 6-րդ պալատի կարևոր մահճակալներից մեկն առավոտից երեկո լացում է Նիկոլ Փաշինյանի համար և ոչ միայն։ Ո՞նց կարելի է նման բան հայտարարել. դու ասում ես, որ ոչ ոքի վրա չես հարձակվելու, քո ասածը հիմք է ընդունվում, բայց դու զինվում ես։
Այդ զենքերը որ գնում են, ինչի՞ համար են գնում։ Կամ, ասենք, ձեռք բերված ավտոմոբիլային զրահատեխնիկան. ինչի՞ համար է գնվել։ Դա առաջնային անհրաժեշտությո՞ւն էր, թե հակառակորդի կարևորագույն առաքելությունները չեզոքացնելը, օրինակ՝ երկինքը փակելն է առաջնահերթություն։ Ցանկացած բախման ժամանակ այն պետությունը, որը երկնքում բացարձակ առավելություն ունի, վստահաբար հաղթում է պատերազմը։
Զրահամեքենաներ գնելու տակ ես, հնարավոր է, շատ վատ բան եմ տեսնում. Հայաստանում են գտնվում ԵՄ դիտորդներ, որոնց հետախույզներ լինելու մասին պաշտոնապես հայտարարել է անգամ Ռուսաստանը։ Վաղը չէ մյուս օրն այդ զրահամեքենաները, որոնք նույնիսկ սովորական նռնականետն է խոցում, ամենայն հավանականությամբ նախանշելու են Փաշինյանի ցանկությամբ և հավաքական Արևմուտքի պարտադրմամբ Հայաստան իբր ՄԱԿ-ի մանդատի ներքո խաղաղապահների հայտնվելը։ Սրան զուգահեռ՝ ընթանում է ՌԴ-ին դուրս մղելու գործընթացը։
Հայաստան տարբեր «տանիքների ներքո» գալիս են ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինծառայողներ, որոնք պետք է նվազագույն չափով զինված լինեն, օրինակ՝ այսպիսի զրհամեքենաներով տեղաշարժվեն։ Ահավասիկ, դրանք գուցե հենց այդ մարդկանց համա՞ր են։