Ադրբեջանը, բնականաբար, արցախահայության հարցով չի կարող որևէ երաշխիք տրամադրել կամ եթե անգամ տրամադրում է, որևէ մեկն այդ երաշխիքներին չպետք է հավատա։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի հավաստիացմանը, որ «ադրբեջանական հասարակությանը ինտեգրման պայմաններում էթնիկ հայերը կարող են խոսել և կրթություն ստանալ իրենց մայրենի լեզվով և պահպանել իրենց մշակույթը, ինչպես մյուս էթնիկ և կրոնական փոքրամասնությունները»։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի հիմնական նպատակը Արցախն ամբողջովին հայաթափելն է։ Ադրբեջանն «ինտեգրացիան» օգտագործելու է որպես գործիք՝ առաջին հերթին հենց այդ նպատակով՝այսինքն՝ ահաբեկումների, էթնիկ զտումների միջոցով կարճ ժամանակում ձգտելու է հասնել Արցախի հայաթափման։
Հետևաբար, առանց միջազգային երաշխիքների՝ ընդ որում ուժային բաղադրիչով լուրջ երաշխիքի, արցախահայության անվտանգությունը վտանգված է լինելու, և եթե անգամ Հայաստանն ընդունի Ադրբեջանի պայմանները, կնշանակի, որ ոչ թե հավատում է Ադրբեջանի երաշխիքներին, այլ ուղղակի կանաչ լույս է վառում Արցախի հայաթափման ծրագրի առջև»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։
Քաղաքագետի խոսքով՝ երբ Ջեյհուն Բայրամովը հայտարարում է, որ «Ղարաբաղի հայերին հատուկ երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պահանջն անընդունելի է» և հավաստիացնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ, պետք է հասկանալ՝ Ադրբեջանի նպատակն ամենևին էլ խաղաղությունը չէ։
«Ադրբեջանի նպատակն է ստանալ խաղաղության այնպիսի համաձայնագիր, որն արդեն Հայաստանի նկատմամբ հաջորդ ագրեսիայի լեգիտիմ իրավունք կտա։ Իրենց նպատակը դա է, հետևաբար Հայաստանի Հանրապետությունը պետք է շատ հստակ ներկայացնի իր դիրքորոշումը. այնպես, ինչպես հայտարարվում է, որ ՀՀ սահմանները մեր կարմիր գիծն են, նույնպիսի կարմիր գիծ պետք է լինի նաև փաստաթղթում արցախահայության անվտանգության միջազգային երաշխիքների ամրագրումը։
Հակառակ դեպքում մենք կունենանք ոչ թե խաղաղության համաձայնագիր, այլ ընդամենը թղթի կտոր, որի արդյունքում էլ՝ նոր պատերազմ՝ շատ ավելի ծանր հետևանքներով»,- ամփոփեց մեր զրուցակիցը։