Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ադրբեջանի հաշվեհարդարը շարունակվում է. երկրում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է երկրի ԱԳՆ:

Դեսպանին խնդրել են պարզաբանումներ տալ նախագահ Էմանուել Մակրոնի և Մարսելում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահի որոշ տեսակետների վերաբերյալ մամուլում հայտնված հայտարարությունների վերաբերյալ։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի «մարսում» Ֆրանսիայի նախագահ Մակրոնի երեկվա հայտարարությունը, որ նա արել է հայ համայնքի ներկայությամբ՝ պատասխանելով  ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի ԿԿ ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանի խոսքին․ «Պարոն նախագահ, Արցախի շրջափակման և ադրբեջանական ագրեսիայի դեմ Ձեզնից ակնկալում ենք առավել ազդու նախաձեռնություն, գործնական և ոչ թե միայն բարոյական»։ Ի պատասխան՝ Մակրոնը հայտարարել է․ «Ես Ալիևի վրա ավելի մեծ ճնշում եմ բանեցրել և կբանեցնեմ, քան Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է։ Ես Արցախի հարցով միակն եմ, որը հստակ կեցվածք և պատգամ ունեմ»։

Նախագահ Մակրոնը նաև ասել է. «Չկասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցերով վճռականությանս մեջ: Պիտի շարունակեմ ջանքերս, նույնիսկ եթե մինչ օրս այս օրակարգով գրեթե միակն եմ միջազգային ընտանիքի մեջ: Գիտեք նաև, որ առաջին անգամ Ֆրանսիան Հայաստանում իր դեսպանություն է ուղարկել զինվորական  կցորդ, իսկ դա ինչ-որ բան նշանակում է, չէ՞։ Մենք պիտի անենք առավելագույնը»: