Ադրբեջանի նախագահի օգնականի դիտարկումը, թե խաղաղության պայմանագրի ստորագրումը չի հաջողվում Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով, բացարձակապես ճիշտ դիտարկում չէ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ Հիքմեթ Հաջիևի այսօրինակ հայտարարությունը հիմնազուրկ է մի քանի պատճառով։
«Նախ, որովհետև խաղաղության պայմանագրի հիմքում պետք է դրվեր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, սակայն Ադրբեջանն ինքը խախտել է այս փաստաթղթի բոլոր հնարավոր կետերը՝ ռազմագերինի ազատ արձակման, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու, հիմա էլ՝ Լաչինի միջանցքը փակ պահելու մասերով։
Այստեղից պետք է հետևություն անել, որ խաղաղության պայմանագրի չստորագրման պատճառը Ադրբեջանի դիրքորոշումն է։ Ադրբեջանին իրականում խաղաղության համաձայնագիր ստորագրել պետք չէ. Ադրբեջանին այդ գործընթացը պետք է ընդամենը քարոզչական նպատակներով՝ ամբողջ աշխարհին ցույց տալու, որ ապակառուցողական կողմը Հայաստանն է»,- նշեց Արմեն Բաղդասարյանը։
Քաղաքագետը շեշտեց՝ Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել ամեն գնով լեգիտիմացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսին և հրահրվելիք նոր պատերազմը՝ պահանջելով այսպես ասած «Զանգեզուրի միջանցք» և «փախստականների վերադարձ» ոչ միայն Սյունիք, Սևանի ավազան, այլ նաև Արարատյան դաշտ։
«Իրենց իրական նպատակը սա է, ոչ թե խաղաղությունը։ Ադրբեջանն այժմ հենց այս նպատակի տրամաբանությամբ էլ աշխատում է՝ ապակառուցողականության մեջ մեղադրելով Հայաստանին, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով Հաջիևի այն հայտարարությանը, որ «Ղարաբաղում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրությամբ ու օրենքներով», Արմեն Բաղդասարյանը նկատեց՝ Ադրբեջանին այսպես կոչված վերաինտեգրում պետք չէ. Ադրբեջանին պետք է, որպեսզի «վերաինտեգրման» անվան տակ արցախահայության նկատմամբ շատ կոշտ քայլեր իրականացվեն՝ վերջնանպատակ ունենալով Արցախի ամբողջական հայաթափումը։
«Հենց սա է պատճառը, որ Արցախում և Հայաստանում քաղաքական շրջանակները կտրուկ դեմ են արտահայտվում վերաինտեգրման վերջնանպատակին։ Ադրբեջանի տրամաբանությամբ վերաինտեգրվելը նշանակում է կանաչ լույս վառել Արցախի հայաթափման հանցավոր ծրագրի համար։
Սա անընդունելի է, առավել ևս, որ Արցախի ինքնորոշման իրավունքը որևէ մեկը, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունները, չեն չեղարկել։ Բոլոր միջնորդները երկար տարիներ պնդել են և հիմա էլ պնդում են, որ ԼՂ հարցը կարող է վերջնականապես կարգավորվել միայն անվտանգային երաշխիքների միջոցով։ Իսկ այդ երաշխիքներն առարկայական կլինեն մեկ դեպքում՝ եթե դրանք չապահովվի Ադրբեջանը»,- ամփոփեց քաղաքագետը։…