ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը լիովին տեղավորվում է այսպես կոչված խաղաղության պայմանագրի շրջանակներում. ՀՀ գործող իշխանությունների կողմից հավատք կա, որ տարածաշրջանում և Հայաստանում խաղաղություն է լինելու։ ՀՀ իշխանությունը հավատում է, որ մեզ մեծաքանակ բանակ պետք չէ, և կարիք չկա, որ բանակը մեր անվտանգության երաշխավորը լինի, քանի որ խաղաղության դարաշրջան ենք թևակոխում։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի համապատասխան նախաձեռնությանը։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից։
Ըստ օրենքի նախագծի՝ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են բանակում ծառայել երկու տարի ժամկետով կամ ծառայել 1 տարի և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 10 մլն դրամ, և վճարել 15 մլն դրամ՝ ծառայության դիմաց։
«Բնականաբար, նման օրենքի ընդունումը Հայաստանի նման երկրում արդարացված չէ։ Մեր երկիրը պատրաստ չէ անցում կատարելու պրոֆեսիոնալ բանակի. սա ժամանակից շուտ կամ ժամանակից առաջ ընկած նախաձեռնություն է, որը չի բխում ՀՀ ազգային անվտանգության շահերից»,- ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով Հայկ Սարգսյանի այն կանխատեսումներին, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում օրենքից կօգտվի 500-1000 քաղաքացի, Արթուր Ղազարյանը նկատեց՝ խոսքը խղճուկ թվերի մասին է։
«Որո՞նք են լինելու այս օրենքի նախագծի հետագա քայլերը, ո՞ւր պետք է ուղղվեն ստացված գումարները. սրանք հարցեր են, ոոնց պատասխանները չենք տեսնում։
Մենք դարեր շարունակ այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ մեր միակ ապավենն ու անվտանգության երաշխավորը բանակն է։ Հետևաբար հայկական բանակը պետք է հզոր լինի՝ նյութատեխնիկապես հագեցած։ Բայց այս դեպքում ելակետը մեր պատկերացրած հայկական բանակը չէ։
Նախաձեռնության տողատակում չունենալ հստակ հայեցակարգ և վերլուծություն, ճիշտ չէ։ Օրենքները՝ մանավանդ բանակին վերաբերող, առհասարկ փոփոխվում են այն ժամանակ, երբ երկրի անվտանգությանը ոչինչ չի սպառնում։ Մինչդեռ ոչ վաղ անցյալում չէր, որ ադրբեջանցիները ներխուժեցին և շարունակում են մնալ ՀՀ սուվերեն տարածքում»,- ամփոփեց Արթուր Ղազարյանը։