Առավել քան ակնհայտ էր, որ ադրբեջանական կողմը պետք է կրկին երկարացներ Բաքվում անազատության մեջ պահովող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։
«Հայազգի մյուս գերիները քանի տարի է՝ Բաքվի բանտերում են, և Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել նրանց։ Սա նույն բանն է. Ադրբեջանը նույն սուբյեկտն է, որը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում ավազակության քաղաքականություն է վարում։
Բաքուն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին պատանդ է պահում՝ հարմար պահի քաղաքական գործարքներում օգտագործելու, նրանց ինչ-որ բաներում համոզելու համար։
ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այն կալիբրի գործիչներ են, որ ինչ հնարավոր է՝ Բաքուն փորձելու է նրանց միջոցով ստանալ»,- ասաց քաղաքագետը։
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում ՀՀ ԱԱԾ-ի՝ երեկ տարածած հաղորդագրությանը, որ հայկական կողմն առաջիկա օրերին Ադրբեջանին կտրամադրի ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյաններ, Ալեքսանդր Մանասյանը պատասխանեց՝ ՀՀ իշխանությունները պետք է Բաքվին կոչ անեին կապվելու Արցախի հետ։
«Մեր իշխանությունները պետք է ասեին՝ «Կապվե՛ք Արցախի հետ, ականները նրանք են տեղադրել»։ Այլապես եթե հրաժարվում են, ասում են, որ իրենք այնտեղ չեն եղել, ի՞նչ գործ ունեն ականապատ դաշտերի քարտեզների հետ։ Սա ամենահարմար պահն էր ասելու՝ կապվեք Արցախի իշխանությունների հետ։
Չգիտեմ՝ սա միամտություն է, թե մեկ ուրիշ բան։ Ուրիշ բան չկա այստեղ։ Ինչո՞ւ են ՀՀ իշխանություններն այդ քարտեզները հանձնում, ինչո՞ւ են այս հարցն իրենց վրա վերցնում, շարունակում մնալ կոնֆլիկտի կողմ։ Սա այնքան հասարակ բան է, այնքան պարզ, որ անգամ երեխան կհասկանա»,- ասաց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը որոշել է երկարաձգել Բաքվում որպես պատանդ պահվող Արցախի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի, գեներալ Դավիթ Մանուկյանի, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի կալանաքը։ Նրանք ևս 4 ամիս կմնան անազատության մեջ։
Ադրբեջանի դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ 4 ամսով երկարաձգվել է նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հայկական կողմն Ադրբեջանին կտրամադրի ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյաններ։ Ադրբեջանի ԱԳՆ-ը հանդես է եկել պատասխան հաղորդագրությամբ, որ Բաքուն ի գիտություն է ընդունել այս հայտարարությունը։