Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը երեկ Բաքվից հեռախոսով զրուցել է ընտանիքի անդամներից բացառապես կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ։ Երեխաների և քրոջ՝ երգահան Մարինա Ալեսի հետ շփումներ չեն եղել, Azg.am-ի թղթակցին փոխանցեց մեր հավաստի աղյուրը։
ԱՀ նախկին պետնախարարը կնոջը հեռախոսով փոխանցել է, որ իր ինքնազգացողությունը լավ է և առողջական խնդիրներ չունի. ադրբեջանցի ուժայինների կողմից իր նկատմամբ բռնությունների մասին նա չի հայտնել։
Ըստ մեր աղբյուրի՝ քանի որ Ադրբեջանը չի թույլատրում, որպեսզի Ռուբեն Վարդանյանի պաշտպանությամբ հայաստանցի փաստաբաններ զբաղվեն, ԱՀ նախկին պետնախարարի կինն այս օրերին Մոսկվայում է՝ զբաղված միջազգային փաստաբանական թիմ գտնելու գործով։ Ավելի ուշ նա կգա Հայաստան։
«Այս պահին դեռևս ընտրությունը կատարված չէ, թե որ միջազգային փաստաբանական ընկերությունն է զբաղվելու Ռուբեն Վարդանյանի պաշտպանությամբ։ Բայց դա անպայման պետք է լինի մի ընկերություն, որն իր մասնաճյուղն ունի Բաքվում։
Այս պահի դրությամբ միայն ասել են, որ որոշ ժամանակ անց՝ հավանաբար փաստաբանական թիմ գտնելուց և նրանց՝ աշխատանքի անցնելուց հետո, Ռուբեն Վարդանյանը հնարավորություն կունենա որոշակի պարբերականությամբ զանգել իր հարազատներին»,- նշեց մեր աղբյուրը՝ հավելելով, որ Մոսկվայում գտնվելու օրերին Վերոնիկա Զոնաբենդը միաժամանակ զբաղվում է նաև ամուսնու ռուսաստանյան գրասենյակի աշխատանքներով։
Մեր աղբյուրը միաժամանակ նաև հայտնեցին, որ այսօր գիշերը Սինգապուրից կնոջ հետ Հայասստան է վերադարձել Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթը։ Քանի որ ընտանիքը որոշում է կայացրել չդադարեցնել իրենց կողմից իրականացվող բարեգործական ծրագրերը՝ ուղղված արցախահայության կարիքների թեթևացմանը և ոչ միայն, Դավիթ Վարդանյանը շուտով մեկնելու է Սյունիք՝ ավելի կոնկրետ Տաթև՝ շարունակելու իրենց կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերը։
Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության՝ Ռուբեն Վարդանյանն իբր Ադրբեջանի ՄԻՊ-ին հայտնել է, որ գոհ է իրեն պահելու պայմաններից և առողջական խնդիրներ չունի։ Ըստ նույն աղբյուրի՝ Ռուբեն Վարդանյանին իբրև թե տրամադրվել է հեռուստացույց, ապահովվել է ընտանիքի անդամների հետ հեռախոսով խոսելու հնարավորություն, նրան ծանրոցներ են առաքվում, օգտվել է տեղեկատվության հասանելիությունից։
«Այս դեպքում հետաքննության ընթացքում ձերբակալվածի իրավունքների պաշտպանությունն իրականացնում է նրա ընտանիքի կողմից ընտրված փաստաբանը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության տեքստում։
Հ.Գ. Ադրբեջանի ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից տպավորություն է ստեղծվում, որ ԱՀ նախկին պետնախարարը, ժողովրդական լեզվով ասած, «Սոչիի սանատորիայում է»՝ ապահովված հանգստի լավագույն պայմաններով, ընտանիքի կողմից ուղարկված ծանրոցներով և գործնականում որևէ բանից դժգոհելու պատճառ չունի։ Մինչդեռ պարզ է դառնում, որ պաշտոնական Բաքուն ստում է՝ հայտարարելով, թե Ռուբեն Վարդանյանին հնարավորություն է տրվել հեռախոսով խոսելու ընտանիքի անդամների հետ, այն դեպքում, երբ ԱՀ նախկին պետնախարարը զրուցել է միայն կնոջ հետ։ Ավելին, մեր աղբյուրի հավաստմամբ, նա ընտանիքի կողմից ուղարկված որևէ ծանրոց չի ստացել։