Որքան էլ ՀՀ իշխանությունները հավաստիացնեն, որ «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է, ակնհայտ է, որ այդ հարցը քննարկվելու է, ավելին՝ գուցե արդեն քննարկվում է. քաղաքագետ

23

Որքան էլ ՀՀ իշխանությունները հավաստիացնեն, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է, և բացառված է, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումներում նման հարց քննարկվի, ակնհայտ է, որ այդ հարցը քննարկվելու է, ավելին՝ գուցե արդեն քննարկվում է։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ մեկնաբանելով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այն հավաստիացումը, որ Հայաստանը միշտ պատրաստ է խոսել տրանսպորտային հաղորդակցության մասին, բայց միջանցքների մասին՝ ոչ։

«Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են հասնել մի տարբերակի, որ կարողանան իրենց դեմքերը փրկել։ Օրինակ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարն ակնարկեց, թե ինչ տարբերակ է քննարկվում։ Նա ասաց, որ այդ ճանապարհի վերահսկողությունը կարող է վստահվել որևէ միջազգային կազմակերպության։

Նա ասաց ֆրանսիական կամ շվեյցարական կազմակերպության, այսինքն՝ այդ կազմակերպությունը բեռները մի կետում ընդունի, մյուս կետում հանձնի, և այդպիսով Հայաստանը որևէ վերահսկողություն չի ունենա այդ ճանապարհի վրա, թեև դա կհամարվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք»,- ասաց քաղաքագետը։

Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ սա կհամարվի փոխզիջումային տարբերակ, որը ՀՀ իշխանություններին հնարավորություն կտա ասելու՝ «Տեսա՞ք՝ մենք միջանցք չտրամադրեցինք», իսկ ադրբեջանական կողմն իր հերթին կհայտարարի՝ «Տեսա՞ք՝ մենք ստացանք ճանապարհը, և Հայաստանն այդ ճանապարհը բացարձակապես չի վերահսկում»։

«Այսինքն՝ ես վստահ եմ, որ այդպիսի միջազգային կամ միջանկյալ տարբերակների շուրջ բանակցություններ ընթանում են։ Չեմ կարծում, թե այս հարցում կարելի է վստահել ՀՀ իշխանություններին»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, խոսելով Ալիևի հայտարարած «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, լրագրողների հետ զրույցում ասել է՝ միշտ եղել է մի եզր, երբ միջանցքը շատ դեպքերում հայտարարվել է որպես տրանսպորտային միջանցք, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված տերմին է։