Եթե առաջարկում ենք հրաժարվել խրախուսական նորմից, ամենևին չի նշանակում, որ բիզնեսի ներկայացուցիչները պետք է ազատազրկվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով գործարար, «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանի քննադատությանը, թե ՊԵԿ-ն ահաբեկչությամբ է զբաղվում Հայաստանի բիզնեսի դեմ։
Ռուստամ Բադասյանի խոսքով, երբ պետական մարմնի նկատմամբ քննադատություն է լինում, պետք է հասկանալ, թե դա ինչքանով է մերկապարանոց, ինչքանով՝ ոչ։ Ըստ նրա՝ հիմա քրեական օրենսգրքի կարգավորումը լավ պրակտիկա չի ձևավավորում։
«Ասվում է, որ եթե հարկային հանցագործությունը հաստատվի, կբացահայտվի, կբերես կվերականգնես գումարը և կազատվես քրեական պատասխանատվությունից։ Իմ կարծիքով՝ այս հոդվածի պատճառով մեզ մոտ մրցակցային իրավիճակը խաթարված է: Օրինակ, նույն շուկայում գործում են եդրկու տնտեսվարող սուբյեկտ, մեկը վճարում է հարկերը, իսկ մյուսը խուսափում է։ Ինչ-որ պահի ՊԵԿ-ը հայտնաբերում է իրավախախտման մի մասը, ապացուցում է դրանից էլ ավելի փոքր մասը, և տնտեսվարողն ասում է՝ այդ գումարը վճարեմ և ազատվեմ քրեական պատասխանատվությունից։ Սա որքանո՞վ է արդար պարտաճանաչ հարկ վճարողի նկատմամբ։ Մենք առաջարկում ենք նախնական քննության փուլից գնալ դատական քննության փուլ, որտեղ հարկ վճարողը շատ ավելի պաշտպանված է, օգտվում է շատ ավելի լայն երաշխիքներից։ Իսկ իրենք պնդում են, որ չէ, հիմա ինչ-որ կարգավորում կա, եկեք թողնենք այդպես», – նշեց ՊԵԿ նախագահը։
Ըստ Բադասյանի՝ այս աղմուկի մեջ չի լսվում կարգապահ բիզնեսի ձայնը, որն ամեն օր դժգոհում է, որ դաշտում գործում են ոչ կարգապահ հարկ վճարողներ։ Նրանք շուկայից դուրս են մղում կարգապահներին։
Ռուստամ Բադասյանի համոզմամբ՝ պատահական, տեխնիկական կամ ոչ միտումնավոր սխալի համար քրեական պատասխանտվություն չի եղել և չկա։
«Հնարավոր չէ պատահական սխալով առաջանան միլիոնավոր դրամների հարկային պարտավորություններ։ Նման հարցերը լուծվում են ծանուցումներով»,- նշեց պաշտոնյան, նշելով, որ քննադատության մեջ ողջամիտ է համարում խախտման տարբեր շեմերի համար պատասխանատվության տարբեր աստիճաններ սահմանելը։
Ռուստամ Բադասյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունը կքննարկվի բոլոր կողմերի, այդ թվում, գործարարների հետ, սակայն կոնկրետ Վահրամ Միրաքյանի հետ նա չի հանդիպի։
«Շանտաժի տարրեր եմ նկատում, և շատ անհաջող թիրախ են ընտրել շանտաժ անելու համար՝ կքննադատենք, կգրենք իրականության հետ կապ չունեցող բաներ, կփորձենք մեր օրակարգն առաջ բրդել և չգիտեմ ինչ նպատակ հետապնդել։
Կոնկրետ այս գործելաոճն ինձ դուր չի գալիս։ Բացի այդ՝ ես մի անգամ իր հետ հանդիպել եմ, այդ հանդիպումը շատ տարօրինակ ընթացք է ունեցել։ Ես չեմ ցանկացել հանդիպումների շարքը շարունակել։ Առաջին հանդիպման արդյունքներով ուղղակի չեմ ուզում հանդիպել»,- նշեց Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով՝ հաճախ մարդիկ ուզում են լայնախոհ անձի տպավորություն թողնել, տարբեր փորձագետներ ժամանակ առ ժամանակ դաշտ են նետում հետևյալ թեզը, թե բոլոր երկրներում գնում են տնտեսական հանցագործությունների ապաքրեականացմանը։ «Բացարձակ սուտ է, պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ յուրաքանչյուր ֆորմատով բանավիճել և ապացուցել, որ միջազգային փորձը ճիշտ հակառակն է»,- հայտարարեց ՊԵԿ ղեկավարը։
Հիշեցնենք, որ «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական առաջարկ, որով նախատեսում է Հայաստանում տարին մոտ հազար գործարարի բանտ նստեցնել: