Վերջին կրակոցների արդյունքում Արեւմուտքի կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չեն լինի. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Նույնիսկ 44-օրյա պատերազմում, դրանից առաջ, քառօրյա պատերազմի ընթացքում, դրանից հետո որեւէ պատժամիջոց եղե՞լ է Ադրբեջանի նկատմամբ, ոչ»,-հիշեցրել է նա։
Ադրբեջանն անընդհատ զինվում է ու չի թաքցնում, որ զինվում է, բայց բողոքում, քննադատում է, երբ Հայաստանը թեկուզ ոչ մահաբեր զենքեր է ձեռք բերում։
«Բնականաբար մենք հիմա կենտրոնացած ենք պաշտպանական խնդիրների լուծման վրա, դա կլինի ինժեներական բնույթի, հակաօդային պաշտպանության։ Այսինքն՝ մեր կողմից ձեռք բերված կամ ձեռքբերվելիք զինատեսակները միտված են տարածաշրջանում սպառազինության խախտված բալանսի կարգավորմանը, որովհետեւ դրա խախտումն էր, որ հակառակորդին տվեց հնարավորություն՝ անցնել ռազմական գործողությունների։
Ես կարծում եմ, որ եթե մեր Զինված ուժերն իր բարեփոխումների ծավալը շարունակական դարձնի, կհասնենք այն նպատակին, որ ոչ միայն բալանսը վերականգնվի, այլ նաեւ բանակում ծառայողները կունենան այդ ամենը տնօրինելու հմտություններ։ Ես չեմ ուզում թերագնահատել հակառակորդի ցանկությունները եւ նպատակները, բայց ես ուզում եմ, որպեսզի մենք բոլորս մի բան գիտակցենք, որ մեր պաշտպանության հիմնական խնդրի լուծումը գտնվում է Հայաստան պետության ձեռքում եւ մեր յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության շնորհիվ։
Եթե կրակոց կա սահմանին, ապա սեղանի շուրջ նստածները չեն կարող իրենց աշխատանքի բուն փուլերին մոտենալ»,- ասաց Քոչարյանը։
Հարցին՝ որքանով է հնարավոր, որ Արեւմուտքը պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Այս կրակոցների արդյունքում՝ չէ, քառօրյա պատերազմի, 44–օրյայի ընթացքում, դրանից առաջ ու հետո որևէ պատժամիջոց եղե՞լ է Ադրբեջանի նկատմամբ: Վերջին հաշվով իրավական որոշումները կարող են անտեսվել բայց ինչ-որ պահի դրանք շատ լավ աշխատում են, եթե դու կարողանում ես օգտվել այդ իրավական միջամտությունից»:
Հնարավոր էսկալացիայի մասին նա ասաց. «Եթե կծավալվի պատերազմ, մենք էլ կպաշտպանենք մեր սահմանները: Հիմա չի ծավալվում, եթե ծավալվի ուրիշ ռեժիմ է գտնվում մեր երկիրը, եթե չի ծավալվում, այլ ռեժիմում է»: