Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ մետրոյի նոր կայարան բացելու մասին իշխանության հայտարարություններն, իհարկե, PR հնարք են։ Դրանք ակնհայտորեն ընտրողների մոտ դրական սպասումներ առաջացնելու նպատակ ունեն։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությանը, որ քննարկվում է «Փեթակ» տոնավաճառի տարածքում մետրոյի նոր կայարան կառուցելու հարցը։
Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ ամենևին պետք չէ թերագնահատել հայաստանյան ընտրազանգվածին՝ անկախ նրանից՝ երևանաբնակ, թե մարզաբնակ ընտրողների մասին է խոսքը։
«Այնքան մեծ հավատով լցված, ինչքան մեր ժողովուրդն է, այլ տեղ չեմ տեսել։ Մենք ամեն ինչին ենք հավատում։ Այսքանից հետո դեռ ռոմանտիկան մարդկանց մոտ չի մարել»,- ասաց Կարեն Քոչարյանը։
Հարցին՝ արդյոք «Փեթակ»-ի աշխատակիցների՝ աշխատանքից զրկվելու հեռանկարը և դրանից բխող բողոքի հնարավոր ալիքը չեն ազդի Ավինյանի վարկանիշի վրա, քաղտեխնոլոգը պատասխանեց՝ համոզված է, որ իշխանություններն ավելի ուշ կհայտարարեն՝ կայարանը կառուցվելու է ոչ թե տոնավաճառի տարածքում, այլ մերձակայքում։
«Կարծում եմ՝ «Մալաթիա» տոնավաճառը փակելու փորձից հետո իրենք մոտակա ժամանակները ռիսկի չեն գնա և գոնե մինչև քաղաքապետի ընտրությունները, ոչինչ չեն փակի։ Բայց եթե ուղիղ հայտարարվի, որ «Փեթակ» տոնավաճառը կփակվի, բնական է, որ մարդիկ կդժգոհեն։ Բայց իշխանությունն, իհարկե, չի ասի, որ շուկան կփակվի»,- ասաց Կարեն Քոչարյանը։
Քաղտեխնոլոգից նաև հետաքրրքվեցինք՝ ինչո՞ւ իր կարծիքով ընդդիմությունը մինչև այս պահը չունի քաղաքապետի իր թեկնածուն։
«Երևի կառաջադրի։ Ընդդիմությունը չի ուշանում, այդ ՔՊ-ն է շտապում։ Չի նշանակում, որ իշխանությունն օրենք է խախտում և նախընտրական կամպանիան սկսել է բավականին վաղ, ուրեմն բոլորը պետք է օրենք խախտեն։ Իսկ եթե ընդդիմությունն այդպես էլ քաղաքապետի իր թեկնածուին չհայտարարի, իր խնդիրն է։ Բայց ես վստահ եմ, որ թեկնածուներ կլինեն, ավելին՝ թեկնածուների պակաս չի լինի»,-նշեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները նախատեսված է անցկացնել այս տարվա աշնանը, սակայն Azg.am-ի տեղեկություններով՝ ընտրությունը կարող է կայանալ ավելի վաղ՝ հունիսի 2-ին։