Որքանով ես եմ հասկանում, ՀՀ իշխանությունները Հռոմի ստատուտի վավերացմամբ ցանկանում են Հաագայի դատարանում Ադրբեջանի նախագահի դեմ քրեական գործ հարուցել։ Ես դա դիտարկում եմ որպես պաշտպանության միջոց, որովհետև գործող կառավարության շնորհիվ մենք այլ պաշտպանական միջոց չունենք՝ բանակն ավերվել է, ՀՀ հեղինակությունն՝ անկում ապրել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքի ստորագրմանը։
«Մենք տեսնում ենք, որ Արցախի շուրջ հետաքրքիր պրոցեսներ են ընթանում. Ալիևը խուսափում է եվրոպական, Փաշինյանը՝ ռուսական հարթակներից։ Տպավորությունն այնպիսին է, որ վեճն ընթանում է հետևյալի շուրջ՝ ո՞վ պետք է վերահսկի Արցախի տարածքն՝ առանց բնակչության։ ՀՀ իշխանություններն այս պահին Եվրոպան դիտարկում են որպես դաշնակից։
Իսկ ինչո՞ւ է Ռուսաստանը նման կերպ արձագանքում Հռոմի ստատուտի վավերացմանը. իմ դիտարկմամբ կա երկու պատճառ։ Առաջինը հեղինակությունն է, որովհետև Հայաստանը դե յուրե Ռուսաստանի դաշնակիցն է և ՛ ԱՊՀ-ում, և՛ Եվրասիական միությունում։ Եվ երբ ՌԴ ղեկավարի նկատմամբ գործ է հարուցվում, և նրա ձերբակալության հրահանգ է տրվում, Հայաստանն այդ ընթացքում ճանաչում է Հռոմի ստատուտը։
Այսինքն՝ սա առաջին հերթին Ռուսաստանի և ՌԴ նախագահի համար ռեպուտացիոն հարված է։ Եթե Հայաստանը ստատուտը մինչև այդ ճանաչած լիներ, գուցե նման ընկալում չլիներ։
Եվ երկրորդ պատճառը. քանի որ ՀՀ վարչապետը փորձում է աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն իրականացնել, ստատուտի ընդունումն օգտագործվում է ՀՀ իշխանությունների դեմ առ այն, որ վերջիններս հակառուսական քաղաքականություն են վարում և նաև արդարացնելու ՌԴ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ»,- ասաց Ստեփան Դանիելյանը։
Վերլուծաբանը հիշեցրեց մի քանի դրվագ, երբ Նիկոլ Փաշինյանը մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի նկատմամբ. մասնավորապես, որ ՌԴ-ն և ՀԱՊԿ-ն իրենց պարտավորությունները չեն կատարել, որ Արցախում ռուս խաղաղապահները չեն երաշխավորել արցախահայության անվտանգությունը և այլն։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը։ Մոսկվայում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը համարում են անընդունելի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ դատարանի կողմից «անօրինական օրդեր» տալու ֆոնին։ Հայաստանի պաշտոնատար անձինք իրենց հերթին հավաստիացնում են, որ վավերացումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ։