Քաղաքական այն թիմը, որն այսօր Հայաստանի Հանրապետությունում իշխանություն է, կատարելապես անգաղափար է, ապիկար և անկարող, և ՀՀ առջև ծառացած բոլոր խնդիրներն ու մարտահրավերներն ակներև կերպով բխում են վերոնշյալ հանգամանքների հանրագումարից։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ ՀՀ գործող իշխանությունները մի կողմից չեն կարող չիմանալ, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ ներխուժման՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ուղղությամբ՝ վերջնականապես կուլ տալու Արցախի մնացած հատվածը, այլև մյուս կողմից չգիտակցել, որ իրենց ապիկար և անհետևողական քաղաքականության պատճառով չեն հասցրել ձեռք բերել իրական դաշնակիցներ։
«Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարագույն վիճակում են, բայց դա հայկական կողմի մեղքը չէ. դա ռուսական գիտակից քաղաքականության հետևանք է։ ՀՀ գործող իշխանություններին ես կարող եմ մեղադրել միայն թշնամական Ռուսաստանին մինչ օրս կառչած լինելու մեջ։
ՀՀ իշխանություններն, այլընտրանք չունենալով, պետք է նախևառաջ իրենց և հայաստանյան հասարակությանը հոգեբանորեն հանդարտեցնեն՝ սին հույսեր արթնացնելով, որ այլ պետությունների միջամտությամբ հնարավոր կլինի ինչ-որ ժամանակավորապես ուշացնել ադրբեջանական հարձակումը կամ մեղմել այն»,- նշեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ , ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսօր հայտարարել էր՝ սահմանին կուտակումները վկայում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակության մասին։
Իշխանական պատգամավորը նաև նշել էր, որ Ադրբեջանը չի կատարում ստանձնած պարտավորություններն ու հերթական անգամ փորձում է հարցերը ուժի միջոցով լուծել:
«Բայց սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հետ կանգնի խաղաղ ճանապարհով խնդիրները հանգուցալուծելու ու խաղաղության համաձայնագիր կնքելու իր նպատակից: Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ բանակցությունների սեղան»,- հավելել էր Խանդանյանը: