ՀԱՊԿ-ն իր բացարձակ անպիտանությունը ցույց տվեց 44-օրյա պատերազմից հետո։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հակահայկական է, բայց այդ կառույցի քաղաքականությունը ևս հայամետ չէ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հայտարարությանը, որ Հայաստանը ՀԱՊԿ իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։
«ՀԱՊԿ-ում մինչև հիմա քննարկում են Հայաստանին օգնություն տրամադրելու հարցը։ Հայաստանն այդ կառույցին օգնության համար դիմել էր դեռ 202թ թվականին՝ ադրբեջանական հերթական հարձակումից հետո (նկատի ունի կառույցի կանոնադրության 4-րդ հոդվածով դիմելու հանգամանքը, որը սահմանում է, որ ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։ ՀԱՊԿ-ից Հայաստանն այդ ժամանակ օգնություն էր խնդրել, այդ թվում` ռազմական՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈւ-երի դուրսբերումն ապահովելու համար՝ խմբ.)։ Հետաքրքիր է՝ մինչև հիմա քննարկո՞ւմ են Հայաստանին օգնություն տրամադրելու հարցը։
Ինչպես ասում են՝ «Էշ մի սատկի, գարուն կգա»։ Անկեղծ ասած՝ այս պարագայում շատ նորմալ եմ համարում, որ Հայաստանը ՀԱՊԿ իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։ Հիմա արդեն շատ ուշ է օգնություն տրամադրել։ ՀԱՊԿ-ն իր վարքագծով վաղուց է վարկաբերկվել»,- ասաց Գագիկ Համբարյանը։
Քաղաքագետի համոզմամբ՝ այդ կառույցը վաղուց է ցույց տվել, որ Հայաստանի Հանրապետության շահերից բխող որևէ քայլ չի ձեռնարկելու։ Ավելին՝ ՀԱՊԿ ամդամ երկրներից ոչ մեկը պատրաստակամ չէ օգնելու Հայաստանին։
«Ո՞ւմից ենք օգնություն սպասում՝ Բելառուսի նախագահ Լուկաշե՞նկոյից, որը չի թաքցնում իր համակրանքն Ադրբեջանի և անձամբ այդ երկրի ղեկավարի նկատմամբ։ Թյուրքալեզու Ղազախստանի՞ց ու Ղրղզստանի՞ց, թե Տաջիկստանից ենք օգնություն սպասում։ Այնպես որ, եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք։ ՀԱՊԿ-ում մենք շատ վաղուց ենք միայնակ, որի պատճառներից մեկը նաև Նիկոլ Փաշինյանն է։
Մյուս կողմից Ռուսաստան պետք է պարզաբանի, թե այս կազմակերպությունն ում և ինչի համար է ստեղծվել։ Ես ՀԱՊԿ-ը գործող մեխանիզմ չեմ համարել. այդ կառույցին Հայաստանի անդամակցությունն ընդամենը մեկ օգուտ է տվել, որ որպես ՀԱՊԿ անդամ երկիր՝ Հայաստանն էժան զենք է գնել ՌԴ-ից։ Մյուս պարագաներում այդ կառույցի ՕԳԳ-ն հավասար է զրոյի»,- ասաց Գագիկ Համբարյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը։