Այս պահին ՀՀ օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չկա. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ հավելելով, որ ըստ իրավիճակի՝ հարցը ցանկացած պահի կարող է մտնել Հայաստանի օրակարգ:
Ինչպես հայտնի է, «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված հարցազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ինչ-որ փուլում քննարկվել է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու տարբերակը:
Ինչ վերաբերում է Հայաստանի սպառազինությանը, փոխնախարարն ասել է, որ
Ռուսաստանից սպառազինություններն իսկապես չեն հասել Հայաստան, բայց աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։
«Ըստ պայմանագրի՝ աշխատանքներ են տարվում, սպառազինություններն, իրոք, չեն հասել Հայաստան։ Փորձում ենք շարունակել աշխատանքները։ Այս պահի դրությամբ ավելացնելու որևէ բան չունեմ»,– նշել է նա։
Հարցին ի պատասխան, թե որքան գումար է վճարվել, փոխարտգործնախարարը խնդրեց ճշտել պաշտպանության նախարարությունից։







