Կարելի էր միջազգային լսարանին ավելի ընկալելի լեզվով ներկայացնել մեր տեսակետները, շեշտը դնել այս փուլում Արցախի ճանաչման վրա. քաղաքագետ

24

BBC Hard Talk ձևաչափով հարցազրույցի մասնակցելն իրականում բավականին բարդ է. նույնիսկ աշխարհի ամենապատրաստված քաղաքական գործիչների համար դա լուրջ փորձություն է,սակայն Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընդհանուր առմամբ փորձ կատարեց միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

«Հիշենք, որ նույն հաղորդմանը ժամանակին մասնակցել են ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրանց համար բավականին ծանր հացազրույց էր ստացվել։ Այդ առումով Ռուբեն Վարդանյանին ներկայացվող հարցադրումները, ի համեմատ վերոնշյալ երկուսի, ավելի մեղմ էին։ Ամենայն հավանականությամբ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով է նմանատիպ որոշում կայացվել»,- ասաց քաղաքագետը։

Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Վարդանյանի անդրադարձերին, ապա կարելի էր ավելի լավ պատրաստվել։

«Կարելի էր միջազգային լսարանի համար ավելի ընկալելի լեզվով ներկայացնել մեր տեսակետները։ Օրինակ՝ տարբեր շեշտադրումները հայկական ԴՆԹ-ի վրա (նկատի ունի ԱՀ պետնախարարի՝ «Արցախը ողջ հայ ժողովրդի ինքնության բանալին է, հայ ազգի ԴՆԹ-ի հազարամյա պահապանը» միտքը՝ խմբ.) հասկանալի չեն միջազգային լսարանի համար։

Կարծում եմ՝ շեշտը պետք էր դնել այս փուլում Արցախի ճանաչման վրա, ավելի իրատեսական փաստարկներ պետք է օգտագործվեին։ Պետք էր շեշտը դնել այն բանի վրա, որ ղարաբաղյան կողմը պատրաստ է բանակցել Ադրբեջանի հետ, սակայն Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է ուղիղ բանակցություններից։

Եթե պարոն Վարդանյանն ավելի պատրաստված լիներ և տիրապետեր թեմային, կարելի էր ավելի հաջող կերպով պատասխանել այդ հարցերին»,- ասաց մեր զրուցակիցը։

Քաղաքագետը միաժամանակ հատկանշական համարեց, որ ԱՀ պետնախարարը բավական հաջող կերպով խուսափում էր BBC-ի լրագրողի՝ աշխարհաքաղաքական զարգացումներին վերաբերող սադրիչ հարցերին պատասխանելուց՝ նշելով, որ իր գործն ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն է, ոչ թե այլ երկրենրում տեղի ունեցող գործընթացները մեկնաբանելը։