Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Հայաստանի համաձայնությունը՝ ճանաչել այդ երկրի այսպես կոչված տարածքային ամբողջականությունը, մեր պետության համար նոր և շատ ծանր հետևանքներ ունեցող կապիտուլյացիոն հերթական ակտն է լինելու։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով Իջևանի և Ղազախի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի վաղվա հանդիպմանը։
Ըստ մեր զրուցակցի՝ խաղաղության պայմանագիրը շարունակելու է այն կործանարար ընթացքը, որի մեջ մեր երկիրը մտել է Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ին դրած ստորագրությամբ։
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկվա հայտարարությանը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, քաղաքագետի կարծիքով՝ քիչ հավանական է, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նման բան տեղի ունենա։
«Կասկածում եմ, որ պայմանագիրը կնքվի նույնիսկ մինչև Նոր տարի կամ գալիք գարուն, որովհետև Ադրբեջանը գտնվում է մի իրավիպճակում, երբ շատ ավելի մեծ ծավալով զիջումներ ստանալու ակնկալիքներ ունի։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը պատրաստ է այս պահին ստորագրել պայմանագիրը, կամ էլ այդ պայմանագիրը պետք է ներառի Հայաստանի համար այնպիսի կործանարար կետեր, որ նա միանգամից համաձայնի՝ օրինակ՝ ադրբեջանցի թվացյալ փախստականների հետնորդների վերադարձի իրավունքի ամրագրում, անհեթեթ այլ պահանջներ»,- ասաց Ալեքսանդր Քանանյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ այն, որ Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպել ոչ թե եվրոպական հարթակներում, այլ հայ-ադրբեջանական սահմանագծին, նշանակում է՝ սա ևս Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիոն ընթացքի դրսևորումն է։
«ՀՀ իշխանությունները գիտակցաբար երկիրն ուղղորդում են դեպի վերջնական կործանում, ինչը չի ուշանա։ Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա Հայաստանն ամենաթշվառ կերպով վերանալուց առաջ կկարողանա գոյատևել առավելագույնը 3 տասնամյակ»,- ասաց քաղաքագետը։