Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մի քանի օրվա ընթացքում. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր ևս մեջբերում են Ալեն Սիմոնյանի հայտարարությունները՝ չթաքցնելով իրենց ոգևորությունն ու ցնծությունը։
«Ես ասացի, որ այս խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել 10 կամ 5 օրվա ընթացքում։ Մենք ուղարկել ենք մեր առաջարկները, սա արդեն 6-րդ փոխանակումն է։ Եթե Ադրբեջանը ոչինչ չփոխի, նոր առաջարկներ չանի․․․ մենք կարող ենք դա անել մի քանի օրվա ընթացքում»,- ասաց Սիմոնյանը։
«Այո, մենք գնում ենք խաղաղության։ Իսկ այն պնդումները, թե մենք հակասության մեջ ենք եղել, սա անլուծելի խնդիր է, ինձ համար անընդունելի են։ Պատմությանը շատ դեպքեր են հայտնի՝ Անգլիան ու Ֆրանսիան կռվել են 116 տարի՝ սպանելով միմյանց։ Իսկ այսօր Անգլիան ու Ֆրանսիան ամենամոտ դաշնակիցներն են»,- ասաց ԱԺ նախագահը։
Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են նույն տարածաշրջանում և պետք է լուծեն բոլոր խնդիրները։