NEWS.am–ի տեղեկություններով՝ Արցախում պատերազմական գործողությունների դադարեցումից և կապիտուլացիոն ակտի ստորագրումից շուրջ մեկ ամիս անց որևէ քրեական գործ չի հարուցվել զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման համար։ Խոսքը պատերազմական գործողություններում ներգրավված կանոնավոր բանակի զինծառայողների կողմից իրականացված ենթադրյալ հանցագործությունների մասին է, որի վերաբերյալ բազմիցս խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մասնավորապես, հայտնի համաձայնագրի ստորագրման հաջորդ օրը՝ նոյեմբերի 10–ին վարչապետը, արդարացնելով փաստաթղթի ստորագրումը, ի թիվս այլ խնդիրների մատնանշել էր դասալքության արդյունքում բանակում ստեղծված իրավիճակը։ Մեր տեղեկություններով՝ պատերազմի ողջ ընթացքում զինվորականները զեկուցագրեր են ներկայացրել զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու կամ դասալքության դեպքերի վերաբերյալ, որոնց սակայն մինչեւ օրս ընթացք չի տրվել։ Ավելին, պատերազմում ծանր մարտեր վարած և նվազ ռեսուրսներով բնագծերը չզիջած շատ զինվորականներ հայտարարել են, որ եթե մեղավորները չպատժվեն, իրենք խոսելու են և անուններ հրապարակեն։
Հաշվի առնելով դասալիքների և դավաճանների վերաբերյալ չփարատված կասկածները՝ NEWS.am–ը օրերս գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների մեկնարկից մինչև դեկտեմբերի 1-ը քանի՞ քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության, դասալքության, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու քրեական հոդվածների հատկանիշներով: Հետաքրքրվել էինք, թե նշված արարքների ենթադրյալ կատարման համար քանի՞ անձ է ներգրավվել, որպես կասկածյալ կամ մեղադրյալ, նրանցից քանի՞սն են պարտադիր ժամկետային զինծառայողներ, քանի՞սը՝ պայմանագրային զինծառայողներ, քանի՞սը՝ սպաներ, քանի՞սը պահեստազորայիններ։ Դատախազությունից նախ նշել էին, որ իրենք նման վիճակագրություն չեն վարում, ապա տեղեկացրել, որ նշված հանցագործությունների դեպքերով վիճակագրական տվյալները ներկա փուլում տրամադրման ենթակա չեն պայմանավորված հանրապետությունում հաստատված ռազմական դրությամբ և պետական և ծառայողական գաղտնիքով։