Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը չի կիսում ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների լավատեսությունը, որ երկու երկրները գտնվում են խաղաղության շեմին։
«Իմ կարծիքով՝ խաղաղության պայմանագիր մոտ ժամանակներս չի կնքվի։ Բանակցություններն, իհարկե, կշարունակվեն, գործընթացը կշարունակվի, կլինի մոտեցումների համաձայնեցում, կողմերի մոտեցումների բախում, բայց վերջնական, դետալացված պայմանագիր չի լինի», -Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա։
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, հավանական է, ճանապարհային քարտեզի նմանությամբ որևէ փաստաթուղթ կնքվի։
Իսկ հնարավոր համարո՞ւմ է, որ խաղաղության պայմանագիր առհասարակ չկնքվի, հետաքրքվեցինք Ռոբերտ Ղևոնդյանից։
«Շատ հնարավոր է. աշխարհն այնպիսի վիճակում է, զարգացումներն այնքան շատ են, որ հնարավոր է՝ նույնիսկ պայմանագիր չկքնվի։ Կան պետություններ, որոնք տարիներ շարունակ միմյանց հետ փոխհարաբերություններ են զարգացնում՝ առանց որևէ պայմանագիր կնքելու։ Օրինակ՝ ԱՄՆ մինչ օրս չի ճանաչել Թուրքիայի անկախությունը , բայց դա չի խանգարում, որ այդ երկրները լինեն գործընկերներ»,- ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։
Քաղաքագետի համոզմամբ՝ կողմերն ըստ անհրաժեշտության երբեմն-երբեմն պետք է հայտարարեն, որ խաղաղության պայմանագրի կնքման շեմին են, ընդ որում՝ նմանօրինակ հայտարարությունները, բացի Հայաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարություններից, անհրաժեշտ են նաև միջազգային հանրությանը։
«Դա, սակայն, չի նշանակում, որ կողմերն անպայմանորեն գնում են այդ պայմանագրի կնքմանը, բայց չի էլ նշանակում, որ չեն գնում։ Ուղղակի այստեղ այնքան շատ դետալներ և կարմիր գծեր կան, որոնք պետք է համաձայնեցվեն, մոտեցվեն, որ այս գործընթացը տևելու է ամիսներ, եթե ոչ՝ տարիներ»,- ամփոփեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ավելի վաղ հայտարարել էր՝ Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ գտնվում են խաղաղության շեմին։







