Երբ օրեր առաջ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ինքը ճանաչում է Ադրբեջանի տարածքային անմբողջականությունը՝ դրա դիմաց ընդամենն ակնկալելով հայկական ԽՍՀ 29 800 ք/կմ տարածքի ճանաչում, նա իր այդ հայտարարությամբ միանգամից հրաժարվեց հայկական 8 գյուղերից, շատ այլ տարածքներից, որոնց մասին դեռևս տեղյակ չենք, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը։
«Ադրբեջանի՝ Հայաստանից 8 սահմանամերձ գյուղեր պահանջելու մասին այսօր հայտարարեց նաև ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը։ Այսպիսով, ընդամենը մեկ հայտարարությամբ Փաշինյանն Ադրբեջանին բազում գործողությունների հնարավորություն տվեց։
Նախ, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ՀՀ վարչապետն ըստ էության խոսեց դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին՝ ադրբեջանական կողմին հնարավորություն տալով Հայաստանի սահմանին անցակետ տեղադրել»,- ասաց արցախցի պատգամավորը։
Ըստ Մետաքսյա Հակոբյանի՝ Նիկոլ Փաշինյանն օրեոր առաջ Արցախի թեմայով արած իր հայտարարություններով ի չիք դարձրեց դիվանագիտական գործիքակազմի կիրառման լայն հնարավորությունները։
«Որոշ շրջանակների համոզմամբ՝ անցակետի տեղադրումը ուղիղ հարված է ՌԴ-ին՝ մասնավորապես ռուսական խաղաղապահ ուժերին, որ տեսեք՝ ռուսները չեն կարողանում իրենց տեղակայման վայրում հարցեր կարգավորել։ Իրականում սա մանևրելու փորձ է, որին դիմում է նաև ՀՀ իշխանությունը՝ իր վրայից գցելու ամբողջ պատասխանատվությունը
Իմ համոզմամբ՝ անցակետի տեղադրումը խոր քաղաքական հարց է, որի լուծումը պետք է գտնվի Փաշինյան-Պուտին-Ալիև հարթակում։ Այնպես որ, հարցը բացառապես ռուս խաղաղապահների վրա բարդելը քաղաքական անբարո քայլ է, սուտ և կեղծ օրակարգ է։
Սա ռուս խաղաղապահենրի դաշտում լուծվելիք հարց չէ. այդ հարցը պետք է լուծվի եռակողմ պայմանավորվածությունների արդյունքում։ Իսկ Ռուսաստանն ուղղակի իրականացնում է իր հումանիտար գործառույթները՝ կարողանալով ապահովել թեկուզ փխրուն, բայց անվտանգություն»,- ասաց Մետաքսյա Հակոբյանը։