Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստ չեն ցանկացած պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել, դեռ կան որոշ բարդ հարցեր, որոնք պետք է լուծվեն։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
«Բաքվից և Երևանից եկող ազդակները շուտափույթ խաղաղության հասնելու հանձնառության մասին չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանի: Մենք դեռ պետք է լուծումներ գտնենք մի շարք բարդ թեմաների շուրջ»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին այն մասին, թե ինչ խնդիրներ են խանգարում այս երկրների միջև խաղաղության հաստատմանը։
Ինչպես նշել է դիվանագետը, դրանցից ամենագլխավորն Ադրբեջանի իրավական դաշտի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման և համընդհանուր ճանաչված իրավունքների պահպանման խնդիրն է։
«Համապատասխան տրամաբանությունը կողմերը որոշել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի գործելիության փոխադարձ հաստատումից հետո: Պահանջվում է նաև համաձայնագրի իրականացմանը միջազգային աջակցության մեխանիզմ, որը կասկածի տակ չի դնի Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը և քաղաքական անկախությունը»,- հավելել է Գոնչարը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ակտիվորեն օգնում է կողմերին խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում։
«Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստումը Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ պայմանավորվածությունների տարրերից մեկն է։ Ռուսական կողմը եռանդով աջակցում է Բաքվին և Երևանին այս փաստաթղթի պատրաստման գործում՝ օգտագործելով քաղաքական և դիվանագիտական ուղիները բոլոր մակարդակներում. ամեն տարի անցկացվում են եռակողմ գագաթնաժողովներ, պարբերաբար հանդիպում են արտգործնախարարները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրենը։
Բացի այդ, 2022 թվականի ապրիլին նշանակվել և ակտիվորեն գործում է ՌԴ ԱԳ նախարարի՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը, հիշեցրել է Գոնչարը։