Այս պայքարում քաղաքական ֆիգուրների դերը շատ կարևոր է, բայց առաջնորդությունը միանշանակ պետք է թողնել Հայ Առաքելական եկեղեցուն։ Եթե քաղաքական գործիչներն իրենց կարողությունները ի սպաս դնեն եկեղեցուն, մենք միանշանակ կկարողանանք ռեալ պայքար և ռեալ հաջողություններ ունենալ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։
Նրա խոսքով՝ կոնկրետ Գյումրիում մարդկանց էներգետիկան այնպիսին է, որ կան բոլոր հնարավորությունները՝ ըմբոստության գործողություններ նախաձեռնելու և քաղաքը կաթվածահար անելու։
«Գյումրիում ռեալ սպասում, էներգիա կա, որը կարող է որոշիչ լինել։ Իսկ մենք այս պահին քննարկումների մեջ ենք՝ ոչ թե առաջնորդի դեր տանելու, այլ շարժմանը նպաստելու համար, որովհետև սա ժողովրդի կռիվն է իր Հայրենիքի համար, ոչ թե քաղաքական ինչ-որ պրոցես։
Թեև որոշ շրջանակների մոտ կարծիք կա, որ հերթական անգամ կարող ենք ականատես դառնալ տապալված պայքարի, սակայն, վերջին օրերին Տավուշում, իսկ այսօր արդեն Երևանում և միջպետական ճանապարհներին հաստատված իրավիճակը հակառակն է ապացուցում։
Այս ամենում շատ կարևոր դերակատարություն ունի Հայ Առաքելական եկեղեցին՝ այդ թվում՝ Բագրատ և Արշակ սրբազանները, և ինձ թվում է, որ եկեղեցին այն կարող ուժն է, որն ունակ է Հայաստանն ազատագրել թուրք-ադրբեջանական գործակալներից։ Եթե Հայ Առաքելական եկեղեցին շարունակի նույն տեմպով կանգնել ՀՀ քաղաքացու կողքին, վստահ եմ, որ առաջիկա օրերին հնարավոր կլինի ամբողջովին կաթվածահար անել երկիրը և հասրաակությանը կանգնեցնել այնպիսի ուղու վրա, որ այլևս կորուստներ չունենանք, այլ մտածենք միայն ձեռքբերումների մասին»,- նշեց իրավապաշտպանը։
Կարապետ Պողոսյանը հիշեցրեց՝ մեր պատմության լավագույն դրվագներից մեկը եղել է Սարդարապատի ճակատամարտը, որին մեծապես աջակցել և որն առաջնորդել է հենց Հայ Առաքելական եկեղեցին։
«Այն ժամանակվա ռազմական վերնախավը տրամադրված էր հանձնվելու, բայց երբ Կաթողիկոսը հաստատակամ կանգնեց, այդ նույն ռազմական գործիչները կարողացան փայլուն մարտարվեստ ցուցադրել։ Հետևաբար այս դեպքում էլ բոլորը՝ այդ թվում՝ նաև քաղաքական ֆիգուրները, պետք է համախմբված լինեն Հայ Առաքելական եկեղեցու շուրջ։
Եթե անգամ այսօր որոշակի պասիվություն կա, դա արդյունք է այն բանի, որ մարդիկ անվստահություն ունեն և այս պայքարի հետևում փորձում են տեսենել ինչ-որ մեկի ականջները։ Եթե առաջիկա օրերին այդպիսի ականջներ չտեսնեն, նշանակում է՝ պայքարի մեջ քաղաքական ամբիցիաներ չեն լինելու, իսկ դա մեզ հաստատ հաջաղություն է բերելու»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ի աջակցություն տավուշցիերի՝ այսօր Երևանում և միջպետական ավտոճանապարհներին բողոքի ակցիաներ են։ Քաղաքացիներն անհնազանդության գործողություններ են իրականացնում՝ կաթվածահար անելով գլխավոր մայրուղիները։