Ընթանում է ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի և մտավորականների, մշակույթի գործիչների հանդիպումը:
Վազգեն Մանուկյանն իր ելույթի առաջին հատվածում նշել է. «Բանակցությունները տապալացեինք, հակառակորդին գրգռեցինք, ու սկսվեց պատերազմ: Խախտել չենք կարող համաձայնագիրը, որովհետև դրա հետևանքների դեմ պայքարելու մեր ուժերը սպառված են: Համաձայնագիրը մի դրական բան բերեց՝ կանգնեցրեց հազարավոր նորանոր կորուստներ: Եթե հայտարարված էր, որ պատերազմը Ադրբեջանի և Արցախի միջև է, ինչու են համաձայնագրում Հայաստանի սահմանները խախտվում: Համաձայնգիրն ունի բաց տեղեր. բանակցությունների միջոցով կարելի է մեր օգտին ինչ-որ բան անել, բայց ո՞վ անի: Ամբողջ աշխարհի համար Փաշինյանը քաղաքական դիակ է, ճիշտ է՝ մարտնչող: Բոլորը հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, բացի իրենից: Քաղաքական աքսիոմ է՝ պարտված ղեկավարը պետք է գնա, հետո հսկայական բանակցային պրոցես պետք է ընթանա՝ համաձայնագրի շուրջ: Հիմա ռուս խաղաղապահներն են մեր անվտանգության երաշխիքը, ոչ թե մեր բանակը: Ես չեմ հասկանում այն ցույցերի իմաստը, երբ ասվում է՝ պետք է ռուսական ռազմաբազան հանվի մեր տարածքից: Եթե մեկը դուրս է գալիս փողոց ու պայքարում ռուսական ռազմաբազաների հետ, ուրեմն փող է ստացել՝ պայթարելու Թուրքիայի առաջադրանքը կատարելու համար: Հիմա, երբ սահմաններին դեռ կրակում են, Հայաստանից հայտարարվում է, թե պետք է հարաբերություններ սկսել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Ես դա չեմ հասկանում. այս պահին նման բան ասելը նշանակում է երկրորդ կապիտուլյացիայի գնալ: Բացի Նիկոլից, բոլորը գիտեն, որ նա գնալու է: Հետո մենք կունենանք բավականին ծանր ժամանակաշրջան, որ դրվելու է ժամանակավոր անցումային կառավարության վրա: Բայց հետո մենք կկարողանա՞նք ոտքի կանգնել, թե կմնանք կռացած, տկար պետություն: Գերմանիան, Ճապոնիան ստորագրեցին կապիտուլյացիա, բայց դարձան հզոր ու զարգացած պետություններ:
Մենք այժմ մտնում ենք նոր փուլ: Ունենք տարածաշրջանում ավելի ազդեցիկ երկիր դառնալու հնարավորություն»:
Վազգեն Մանուկյանի ելույթից հետո սկսվել է հանդիպման՝ մտքերի փոխանակման փուլը: