Արցախն այնպիսի վիճակում չէ, որ համախմբումից բացի, այլ տարբերակ լինի. քաղաքագետ

27

Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Արցախի ներքաղաքական դաշտում, իրականում պայմանավորված է ոչ այնքան ներքաղաքական, որքան արտաքին քաղաքական խնդիրներով։ Այլ կերպ ասած՝ հարցն այն է, թե Արցախն ինչ ճանապարհով և աշխարհաքաղաքական որ բևեռի աջակցությամբ է պատրաստվում գոյատևել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

«Արցախի ապագան պայմանավորված է նաև Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների հետ հարաբերություններով, այսինքն՝ պատկերացումները նույնակա՞ն են, թե տրամագծորեն հակադիր։

Այն, որ Արցախում բոլորն ունեն նույն նպատակը և դրան հասնելու համար պայքարելու նույն կամքը, ակնհայտ է։ Խոսքը ճանապարհի մասին է, թե ինչ ճանապարհով և ում օգնությամբ այդ նպատակը կիրականացվի»,- ասաց քաղաքագետը։

Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ վերջին օրերին Արցախում տարբեր թևերից հնչող հայտարարությունները չի կարելի և չպետք է ընկալել որպես իշխանության համար պայքար։

«Չեմ կարծում, որ Արցախում որևէ լուրջ պրոցես հնարավոր է իրականացնել առանց Ռուսաստանի և ռուս խաղաղապահների գիտության, որովհետև ամենակարևոր հարցը՝ անվտանգային խնդիրները, մեծապես պայմանավորված են ռուս խաղաղապահների ներկայությամբ։

Քանի որ սա նաև քաղաքական կողմնորոշման հարց է, չեմ կարծում, թե Ռուսաստանը կարող է մի կողմ թողնել այս հարցերը և համարել, որ դա ընդամենն Արցախի ժողովրդի որոշելիքն է»,- նկատեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետի համոզմամբ՝ ստեղծված բարդագույն իրավիճակում Արցախում պետք է նախ կոնսենսուս կայանա նպատակին հասնելու ճանապարհի ընտրության շուրջ, որից հետո միայն քննարկվի, թե որ ուժը կամ դեմքը լավագույնս կիրականացնի այդ նպատակը։
«Խնդիրը պետք է դիտարկել ոչ թե անձերի միջև, այլ ընտրած ճանապարհների միջև։ Արցախն այնպիսի վիճակում չէ, որ համախմբումից բացի, այլ տարբերակ լինի։ Եթե հակառակն արվի, արցախահայության մեջ կարող են բաժանարար գծեր առաջանալ կամ խորանալ ՀՀ և ԱՀ իշխանությունների միջև արդեն գոյություն ունեցող բաժանարար գծերը»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։