Azg.am-ի զրուցակիցն է ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
-Տիկի՛ն Հակոբյան, Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը միջազգային միջկառավարական ինստիտուտներին կոչ է արել գործարկել ԱՀ միջազգային ճանաչման գործընթացը՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա»։ Արդյոք սա ամենապատեհ պահն է նման գործընթաց սկսելու համար։
-44-օրյա պատերազմի օրերին՝ դեռ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին, առաջին նման կոչ անողը ես եմ եղել։ Այդ կոչերին, ցավոք սրտի, ՀՀ իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել։ Տարբեր պատճառաբանություններ են բերվել, այնպես որ, պատեհ առիթը միշտ կա, իսկ հիմա՝ առավել ևս։ Հանուն Արցախի և արցախահայության փրկության՝ պետք է ճանաչելԱՀ անկախությունը, որովհետև իրականում որևէ հումանիտար ճանապարհով իրավիճակից դուրս գալ չի հաջողվում։ Հումանիտար ճանապարհով խնդրի կարգավորումը միամտություն է, մոլորություն։ Նման բան չի լինելու. պետք է հստակ քաղաքական գործընթաց իրականացվի, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ։ Իսկ իրավիճակից դուրս գալու ելքերից մեկն էլ, համոզված եմ, Արցախի անկախության ճանաչումն է։
-Արդյոք Հայաստանն առաջինը պետք է ճանաչի ԱՀ անկախությունը, թե դատելով ՀՀ իշխանությունների դիրքորոշումից՝ նման բան չպետք է սպասել։
-Հանուն փրկության՝ որևէ կարևորություն չկա՝ որ պետությունն առաջինը կճանաչի Արցախի անկախությունը, սակայն մեր պարագայում երևի կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունն առաջինը ճանաչի։ Ես առավել քան վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության՝ առաջինն Արցախի անկախությունը ճանաչելու դեպքում կլինեն երկրներ, որոնք կհետևեն Հայաստանի օրինակին։
Հակառակ դեպքում միջազգային հանրության համար ընկալելի չի լինի, եթե Հայաստանի Հանրապետությունը չարձագանքի Արցախից հնչած կոչին կամ մերժի այն։
-Տիկի՛ն Հակոբյան, կա՞ն իրատեսական հիմքեր, որ օտարերկրյա որևէ պետություն այս պահին պատրաստ կլինի ճանաչելու Արցախի անկախությունը։
-Գիտե՞ք, նման գործընթացներն ուղղակի թղթի վրա կամ պահի ազդեցության տակ չեն արվում։ Մինչ անկախության ճանաչման բուն գործընթացը դիվանագիտական լուրջ աշխատանքներ են տարվում։ Ես չգիտեմ՝ Հայաստանի իշխանությունների մտքով երբևէ անցե՞լ է բարեկամ երկրների ղեկավարությունների հետ նման աշխատանք կատարել, համատեղ ջանքեր իրականացնել՝ հասնելու ցանկալի արդյունքի։
Ամեն դեպքում, մենք՝ արցախցի խորհրդարանականներս, բազմիցս նման քայլեր արել ենք։ Բայց մինչ այդ, կրկնում եմ, պետք է համապատասխան աշխատանք տարվի։ Եթե այդ աշխատանքները տարվում են հավուր պատշաճի, իհարկե, հավանականությունը, որ մեր դաշնակից պետությունները կճանաչեն Արցախի անկախությունը, շեշտակի աճում է։
Իսկ մեր առաջին դաշնակից պետությունը Ռուսաստանն է։ Այդ երկրի պարագայում նախադեպեր կան՝ կան Աբխազիայի, Դոնեցկի, Լուգանսկի օրիանակները՝ իհարկե տարբեր ձևաչափերով։ Բայց, ամեն դեպքում, գործընթացներ իրականացվել են, երբ արդեն երկիրը կործանման եզրին է եղել։
Մեզ ներկայացնող երկրի՝ Հայաստանի Հանրապետության դերակատարությունն է ահռելի մեծ և կարևոր, որը, ցավոք սրտի, ՀՀ գործող իշխանությունների գործելաոճով պայմանավորված, չենք կարող սպասել։ Հայաստանը հակառակն է անում՝ Արցախը բռնակցելու Ադրբեջանին, հետևաբար լավատեսություն առանձնապես չենք կարող ունենալ, որ ՀՀ իշխանությունները կարող են աջակցել ճանաչման գործընթացին։
Թեկուզ պատերազմի ամենածանր օրերին մեզնից ոչ ոքի մտքով չի անցել, որ կարող է լինել մի այնպիսի ՀՀ իշխանություն, որը նման կերպ կվարվի Արցախի հետ։ Ամեն դեպքում, այն ժամանակ Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ որևէ արձագանք չի եղել, կցկտուր արդարացումներ են եղել՝ այն էլ անհատ ՔՊ-ական պատգամավորների կողմից։
Այս պարագայում հակված եմ մտածել, որ ՀՀ իշխանությունների կողմից կրկին չպետք է արձագանք լինի, քանի որ վերջին ամիսներին Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև առհասարակ շփում չկա՝ որքան էլ Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահը փորձի լղոզված մեկնաբանությամբ հերքել իմ այս միտքը։ Այնպես որ, կարծում եմ՝ այս անգամ էլ Արցախի անկախության ճանաչման կոչը նույն ճակատագրին է արժանանալու, ինչ մեր մնացած բոլոր հայտարարությունները, կամ էլ այդ կոչը քարկոծվելու է որոշ պատգամավորների կողմից։
-Տիկի՛ն Հակոբյան, ինչպիսի՞ արձագանք պետք է սպասել Ադրբեջանից՝ բուն գործընթացի և առավել ևս որևէ պետության կողմից Արցախի անկախության ճանաչման պարագայում։
-Եթե հողի վրա գործընթացներ սկսվեն, դրանք շատ բան կփոխեն։ Հասկանալի է, որ Ադրբեջանը գործի կդնի շանտաժի, տեռորի ողջ գործիքակազմը՝ թիրախավորելու Արցախի անկախությունը ճանաչած երկրին՝ կլինի դա Ռուսաստանը, թե Ֆրանսիան։ Ճանաչելով մեր թշնամուն՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը ծաղրի առարկա է դարձնելու տվյալ երկրին՝ գործի դնելով իր քարոզչամեքենան։ Ադրբեջանը վայնասուն է բարձրացնելու և հայտարարելու, որ «իր երկրում» նման գործընթացներ են կատարվում։ Դա բնորոշ է Ադրբեջանին, և ցանկացած դեպքում պետք չէ բացառել ադրբեջանական սադրանքները։
-Իսկ կարող է արդյոք Արցախի անկախության ճանաչումը Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծման առիթ դառնալ։
-Ադրբեջանին պատերազմի համար առիթ, ըստ էության, պետք չէ։ Ադրբեջանն իր բոլոր քայլերը սառը հաշվարկով է անում։ Մենք՝ հայկական երկու պետություններս, պետք է պատրաստ լինենք պատերազմին և կեղծ լավատեսությամբ չլցվենք։ Երկար տարիներ մեզ կերակրել են կեղծ թեզերով, որ Ադրբեջանն այդքան ուժ չունի՝ հարձակվելու մեզ վրա։ Հիմա էլ ասում են, որ աշխարհը թույլ չի տա, որ Ադրբեջանը մեր դեմ մարտնչի. սա ևս կեղծ թեզ է։ Ցանկացած դեպքում Ադրբեջանից պետք է ամեն բան սպասել և հնարավորինս միշտ պատրաստ լինել։