«Եթե Ռուսաստանն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ու ԼՂ -ում ռուս խաղաղապաներին ՄԱԿ-ի ԱԽ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի»,- Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս հարցադրումը ծագում է նաև այն պատճառով, որ Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ։
«Այս ամենը հաշվի առնելով՝ հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու որոշում եմ կայացրել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, որի խնդիրը ԼՂ իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելն ու անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ։
Պիտի անկեղծ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայութան համոզված կողմնակիցն է ու այդ ներկայության ջատագովը, բայց մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու՝ ռուս խաղաղապահների ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը։ Ամեն դեպքում, մենք այս հարցերի պարզաբանման շուրջ պետք է սերտորեն աշխատենք ՌԴ ու մյուս միջազգային գործընկերների հետ՝ իրադրության հետագա սրում թույլ չտալու ու համապարփակ կարգավորումների հասնելու համար»,-ասաց Փաշինյանը։