«Դժվար է վիճել, որ մակարդակի հետ կապված ակնհայտ խնդիրներ կան։ Եվ ես ուզում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին». ընկերուհինե՛ր, ձեր աշխատանքը՝ ոչ թե «քարտուղարուհու», այլ «քարտուղարի», նույնիսկ ամենաբարձր ղեկավարի հաջողության գրավականն է։
Առանց ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքի, այդ թվում՝ ժամանակացույցի, հանդիպումների կազմակերպման, փաստաթղթերի հետ աշխատելու, զանգերի ընդունման և միլիոնավոր տարբեր հոգսերի, ամեն ինչ ջուրը կընկնի: Մի՛ նեղացեք, այս մարդը, վստահ եմ, առանց մտածելու է դուրս տվել։ Նրա ասածի հիման վրա ձեր վերաբերմունքը մի՛ տարածեք հայ ժողովրդի վրա: Հայ ժողովուրդն իմաստուն է, բազմաչարչար ու սիրառատ»,-թելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե չի պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու։
Ինչպես հայտնի է, երեկ լրագրողները դիմել են Ալեն Սիմոնյանին, որպեսզի նա մեկնաբանի Զախարովայի հայտարարությունն առ այն, որ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները կոպտությանը նմանվող ինչ-որ բան են:
Սիմոնյանն ի պատասխան ասել է.«Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ, իմ մակարդակը չէ: ԱԳՆ կա դրա համար, արտաքին բաժին կա, թող իրենք արձագանքեն: Ես չեմ համարում, որ ես ու ձեր նշած մարմնի բաժնի պետի տեղակալը նույն մարդն ենք, որ ես խոսեմ: Թող ինքն իր դարդերով տապակվի»: