Ադրբեջանի նպատակն այս փուլում ոչ թե Արցախը շրջափակման մեջ պահելն է՝ անգամ Լաչինի միջանցքի բացումից հետո անցակետի տեղադրման գնով, այլ Հայաստանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների լեգիտիմացումը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Այսինքն՝ իրենք փորձում են հիմքեր ստեղծել, որ Հայաստանի Հանրապետության դեմ կիրառվող ռազմական ուժն արդարացում ունենա, այն է՝ Հայաստանն, ըստ իրենց, ամեն դեպքում, ռազմական աջակցություն է ցուցաբերում Արցախին։
Քանի որ Ադրբեջանն Արցախի Հանրապետությունը դիտարկում է այսպես ասած իր տարածք, այդ առումով փորձ է կատարում լեգիտիմացնել Հայաստանի Հանրապետությա վրա ռազմական հարձակումը»,- ասաց մեր զրուցակիցը։
Ռազմական փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանն այսպիսով մեկ կրակոցով երկու նապաստակ է խփում, մյուս կողմից՝ փորձ կատարում ՌԴ խաղաղապահ ուժերին ներկայացնել որպես հակամարտության կողմ։
Ըստ Կարեն Հովհաննիսյանի՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ անվստահություն հայտնելու ռուս խաղաղպահներին և հիմքեր ստեղծելու, որպեսզի 2025 թվականից հետո Ռուսաստանն Արցախում խաղաղապահ գործունեություն չիրականացնի։
«Սա է Ադրբեջանի ամբողջ քաղաքականությունը, դե իսկ Արցախը շրջափակելն էլ՝ Արցախը հայաթափելու գործիքակզամերից մեկը»,- ամփոփեց ռազմական փորձագետը։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մարտի 11-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ադրբեջանական տեսադիտարկման համակարգերն արձանագրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտնել է, որ այդ տեղեկությունները կեղծ են և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան։




