Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Արա Պողոսյանը։
-Պարո՛ն Պողոսյան, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հայտարարեց որ Ադրբեջանի պահանջած 8 գյուղերը կա՛մ պետք է փոխանակվեն, կա՛մ տարածքային որոշ կարգավորումներ ստանան։ Ի՞նչպես եք գնահատում այս հայտարարությունը։
-Միայն կարելի է զարմանալ, թե ինչպես Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյան կարող է այսպիսի հայտարարություն կատարել, այն պարագայում, երբ դիմացի կողմն անգամ չի քննարկում կամ որևէ կերպ չի անդրադառնում Արծվաշենի խնդրին։
Եթե հաշվի առնենք ՀՀ ազգային անվտանգության հիմնախնդիրները և ազգային անվտանգության համակարգի կառուցման խնդիրները, որոնք, ըստ էության, 2020 թվականից հետո ամբողջությամբ վերականգնված և վերակառուցված չեն, ապա այսպես կոչված անկլավները մեզ համար ունեն ռազմավարական նշանակություն, այդ թվում՝ նաև Ադրբեջանի համար, որովհետև եթե հիպոթետիկ ընդունենք, որ Ադրբեջանը Հայաստանից վերցնում է անկլավներ, ապա ինչպե՞ս է իր կապն ապահովվելու դրանց հետ։
Ենթադրենք՝ դա տեղի է ունենում. վաղն էլ Ադրբեջանը Հայաստանից ճանապարհներ է պահանջելու, որպեսզի կարողանա կապ հաստատել իր՝ այսպես կոչված անկլավների հետ։
Նախկինում և՛ ՀՀ վարչապետի, և՛ ԱԳ նախարարի շուրթերից արդեն իսկ հնչել էր, որ այս հարցն ակտուալ է։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում միտք էր արտահայտել անկլավների փոխանակության մասին։ Սա, իհարկե, թեզերից մեկն է, որի մասին խոսվել է, բայց որի համաձայնեցման, Ադրբեջանի կարծիքի մասին որևէ խոսք չի եղել։ Իսկ Ադրբեջանն այդ մասով հստակ հայտարարել է և հիմա էլ հայտարարում է, որ Հայաստանը «շարունակում է օկուպացված պահել 8 գյուղ, որոնք բանակցությունների արդյունքում պետք է վերադարձնի»։
Սա ինքնին նշանակում է, որ Ադրբեջանի համար գոնե այս պահին օրակարգում մնում է Հայաստանի Հանրապետությունից 8 գյուղերի ստացումը։ Մինչդեռ ո՛չ Ադրբեջանի արտգործնախարարի, ո՛չ էլ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից չի խոսվում Արծվաշենի վերադարձի մասին․Ադրբեջանն Արծվաշենը չի ճանաչում որպես Հայաստանի մաս և երբևէ չի խոսում, որ ինքն էլ պետք է Հայաստանին վերադարձնի Արծվաշենը։
Իմիջիայլոց, նախկինում Ադրբեջանի նախագահը հայտարարում էր, որ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի այն իրողությունների վրա, որոնք ստեղծվել են 2020 թվականից հետո՝ նկատի ունենալով, որ Ադրբեջանը, լինելով հաղթող պետություն, ինքն է լինելու պահանաջատեր, և Հայաստանը խաղաղության պայմանագիր ստորագրելիս առաջնորդվի ոչ թե սեփական շահերով, այլ Ադրբեջանի պահանջներով՝ որպես հաղթող պետության։ Սա ենթադրել է տալիս, որ առնվազն մինչ այժմ Ադրբեջանի կողմից քննարկման առարկա չի դարձել Հայաստանի Հանրապետությանն Արծվաշենը վերադարձնելու հարցը։
-Արդյոք այստեղից հետևում է, որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի մատնանշած փոխանակումը փոխադարձության սկզբունքով չէ, այլ զուտ Հայաստանին ներկայացված պահանջ՝ Ադրբեջանին հանձնելու վերոնշյալ 8 գյուղը։
-Դատելով արդրբեջանական մեդիա տիրույթում և քաղաքական շրջանակներում տիրող խոսույթից և նրանց դիվանագիտական բառապաշարից՝ վստահաբար կարելի է ասել, որ Ադրբեջանի համար մինչ օրս քննարկելի չէ Արծվաշենը և ոչ միայն Արծվաշենը Հայաստանին վերադարձնելու միտքը։ Խոսքը, մասնավորապես, 2020 թվականից հետո ՀՀ սուվերեն տարածքի բռնազավթված հատվածները վերադարձնելու մասին է։
Ավելին, երբ Հայաստանի կողմից զորքերի հայելային հետքաշման մասին առաջարկ հնչեց, Ադրբեջանը մերժեց այն։ Ես դա կապում եմ Ալիևի այն հայտարարության հետ, որ արդեն մինչ 2023 թվականը Ադրբեջանը Հայաստանից վերցրել էր ռազմավարական նշանակության բոլոր սահմանային դիրքերը և բարձունքները՝ դրանով իսկ իր համար ապահովվելով անվտանգության գոտի։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի համար կարևոր գործիք է մնում Հայաստանից զավթված տարածքները պահպանելը կամ դրանց ինչ-որ կարգավիճակով իր վերահսկողության ներքո պահելը։
-Պարո՛ն Պողոսյան, անվտանգային ի՞նչ կոնկրետ խնդիրներ եք տեսնում ՀՀ իշխանությունների կողմից 8 գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու հնարավոր գործարքի մեջ։
-Դա ամենկարևոր հարցերից է. որպես ի՞նչ է օգտագործելու այդ տարածքներն Ադրբեջանը։ Կարծում եմ՝ ողջամիտ ցանկացած մարդ հասկանում է, որ այնպես չէ՝ այդ տարածքներում խաղաղ բնակչություն է տեղակայվելու։ Բոլորը հրաշալի հասկանում են, որ Ադրբեջանի համար այդ տարածքները ծառայելու են որպես ռազմավարական դիրքեր, հենակետեր, հետախուզության համար նպաստավոր ենթակառուցվածքներ տեղակայելու գոտիներ։ Դրանք թույլ են տալու Հայաստանի Հանրապետությունն ամբողջովին պահելու իր վերահսկղության ներքո։
Այստեղ կարևորագույնն այն է, որ հիմնական խնդիրն այսպես կոչված անկլավներն են՝ մասնավորապես Արարատի և Տավուշի մարզերում, որոնք գտնվում են ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներին շատ մոտ։ Դա միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի համար դառնալու է անվտանգության սպառնալիք, եթե այդ տարածքները հայտնվեն Ադրբեջանի վերահսկողության ներքո։
-Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը հայտարարում, որ խաղաղության պայմանագիրը պարտադիր չէ՝ իր մեջ ներառի սահմանային խնդիրները, և դրանք կարելի է ապագայում լուծել հարակից այլ փաստաթղթերով։
-Բանն այն է, որ հատկապես Բաքվի քարոզչական և տեղեկատվական դաշտում հաճախ պտտվող հայտարարությունները որոշ ժամանակ անց դառնում են պետական քաղաքականության մաս։ Հետագայում Ադրբեջանը կարող է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին, այդ թվում՝ դեկտեմբերի 26-ին Միլի մեջլիսում ընդունված հայտարարությունն այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի բռնագաղթածների վերադարձի իրավունքի մասին»։ Եթե այս ամբողջը փորձենք ձևակերպել մեկ մտքով, կստացվի Ադրբեջանի համար ապագայում պատրաստել նոր հավակնություններ Հայաստանի նկատմամբ։