Հայաստանը չի տեսնում Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը ստորագրելու քաղաքական կամք. Վարշավայում անվտանգության հիմնախնդիրներին նվիրված միջազգային ֆորումում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Իրական հնարավորություն կա փակել մեր տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը և բացել խաղաղության և համագործակցության էջը։ Ադրբեջանը դեռ հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ հնչեցնելով նոր պատճառներ։ Մենք տեսնում ենք, որ նրանք պարզապես չեն ուզում ստորագրել համաձայնագիրը։ Աշխարհում չկա այնպիսի համաձայնագիր, որը կկարգավորի կողմերի միջև առկա բոլոր խնդիրները, մենք առաջարկում ենք ստորագրել այս փաստաթուղթը և հետո բանակցել այլ հարցերի շուրջ։ Ցավոք, մենք չենք տեսնում Ադրբեջանի կողմից քաղաքական կամք այս հարցում»,- ասել է նա։