Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում տեղահանված քարինտակցիների համար բնակելի թաղամաս է կառուցվում: Շինարարական աշխատանքներն ակտիվ են ընթանում:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԱՀ Քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության գլխավոր մասնագետ, տեխհսկիչ Առուշան Խաչատրյանը:
«Աշխատանքները սկսվել են 2021 թվականի հոկտեմբեր ամսին: Կառուցվում է 145 առանձնատուն: Յուրաքանչյուրը զբաղեցնում է 1200ք/մ մակերես: Այս պահի դրությամբ 97 առանձնատան հիմքերն արդեն դրված են, 40-ի պատերը՝ շարված, 20-ի երկաթբետոնե ծածկը՝ լցված»,- ասել է Ա. Խաչատրյանը և մանրամասնել, որ շինաշխատանքներում ընդգրկված են 50-ից ավելի շինարարներ:
Նրա խոսքով՝ նախատեսվում է ընթացիկ տարում ավարտին հասցնել 60 առանձնատան շինաշխատանքները: Թաղամասը կունենա ասֆալտապատ ճանապարհներ, երեխաների համար նախատեսված խաղահրապարակ:
Շինարարությունն իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը: