«Մոտ երեք տարի facebook-ում որևէ գրառում չեմ արել, կամ որևէ գրառման չեմ արձագանքել` ավելի կարևոր անելիքներիս չվնասելու կամ չխանգարելու համար: Արդյունքում ինձ մեծ մասամբ հաջողվեց օգտակար լինել իմ աշխատանքային բնագավառին և կանխել շատ ու շատ անհեթեթությունների իրականացում և նույնիսկ նպաստել իմ բնագավառի կազմակերպություններում աշխատավարձերի որոշ չափով բարձրացմանը»,- գրել է Երևանի քաղաքապետարանի սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արա Բաղրամյանը։ Նշենք, որ նա նախկինում եղել է բաժնի պետ, հետո՝ տեղակալ, հետո պաշտոնն ավելի է իջեցվել ու դարձել է գլխավոր մասնագետ։
Արա Բաղրամյանի գրառումից պարզ է դառնում, որ նա վերջին տարիներին ատամները սեղմած է աշխատել ու ստիպված լռել է։ Իսկ ինչի՞ մասին է լռել, նա ինքն է բացատրում. «Հիմա ես ազատ եմ իմ խոսքի ու գործի մեջ, ազատ եմ, քանզի 22 տարի անց ազատվեցի աշխատանքից, այո, ես ուրախ եմ, որ քսաներկու տարի շարունակ մայրաքաղաքի սպորտի բնագավառում բազմաթիվ ծրագրեր իրականացնելուց հետո, մանկապատանեկան սպորտի զանգվածայնացմանն ու զարգացմանն անմնացորդ ծառայելուց հետո ազատվեցի աշխատանքից, ազատվեցի, քանի որ չծառայեցի այսօրվա անդիմագիծ ու ստորաքարշ պահանջներին, քանի որ հայրենադավություն համարեցի Երևանի բակային համաքաղաքային մրցումների վրայից իմ իսկ կողմից անվանակոչված «Առողջ սերուդ՝ պաշտպանված հայրենիք» խորագրի ու «Հայրենյաց պաշտպան» և «Հայկյան աղեղ» անվանումների հանելը, տգիտություն համարեցի օրենսդրությամբ սահմանված մարզական միջոցառումների անցկացման հանձնումը մարզադպրոցներին, թշնամություն համարեցի «Երևանի սպորտկոմիտե» ՀՈԱԿ-ի լուծարումը, որի արդյունքում երևանցի թիմերն ու մարզիկները այլևս չեն կարող գործուղվել հանրապետական ու միջազգային մրցումների, մեծագույն անհեթեթություն համարեցի մասնագիտացված մարզադպրոցների ինքնուրույնության վերացումն ու համալիր մարզադպրոցի կցորդ դարձնելը, ստոր անգրագիտություն համարեցի մի քանի մարզադպրոցների քանդումն ու փորձառու և նվիրված տնօրենների փոխարինումը տվյալ բնագավառի հետ կապ չունեցող մարդկանցով և այլն և այլն: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում էլի կլռեմ, քանզի զբաղվելու եմ անձնական որոշ խնդիրների լուծմամբ ու այլևս ես ազատ եմ»։