Հազարավոր քրդեր հավաքվել են Փարիզի Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցած հրաձգությունից հետո, որի հետևանքով զոհվել է երեք քուրդ ակտիվիստ։
Մեկ ժամ անց ցույցը վերածվեց ոստիկանության հետ բախումների։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին 69-ամյա տղամարդը կրակ է բացել Փարիզի 10-րդ թաղամասում: Նրան բերման են ենթարկել. գործողության շարժառիթներն անհայտ են։ Ըստ Agence France-Presse-ի՝ նա ազգությամբ ֆրանսիացի է, որը ոստիկանությանը հայտնի է 2016 եւ 2021 թվականներին իրականացրած մահափորձերով։ Վերջին տվյալներով՝ կրակոցների հետեւանքով երեք մարդ է մահացել, տուժածներից երկուսի վիճակը ծանր է, եւս երկուսինը՝ միջին ծանրության։ Փարիզի դատախազությունը սպանության գործով հետաքննություն է սկսել։ Փարիզում սրվել են բախումները քրդերի եւ իրավապահների միջեւ, ոստիկանությունը խլացուցիչ նռնակներ է կիրառել, դեպքի վայրից հայտնել է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ Փարիզի 10-րդ թաղամասում ոստիկաններով շրջափակված տարածքում մի քանի տասնյակ քրդեր էին հավաքվել։ Նրանք կատարվածի համար մեղադրում են Թուրքիային։ Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է քրդական համայնքի ներկայացուցիչը, հրաձգության ժամանակ երեք քուրդ է սպանվել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ուժեղացված պարեկային խմբերը։
Ավելի ուշ քրդական համայնքի ինքնաբուխ հանդիպումը վերածվել է ոստիկանության հետ բախումների։ Իրավապահ մարմինները ամբոխը ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել։